Պոլֆենոլ քրքումինը, որը պարունակվում է քրքումի արմատներում եւ օգտագործվում է որպես սննդային ներկ, կարող է հավանական հակավիրուսային միջոց լինել, որը կարելի կլինի օգտագործել SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ: Այս մասին հաղորդվում է Biomedicine & Pharmacotherapy ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Քրքումինը հայտնի է իր հակաբորբոքային եւ հակաօքսիդիչ ազդեցություններով, ինչպես նաեւ հակաուռուցքային գործունեությամբ եւ հակաբակտերիալ թերապիայի արդյունավետության բարձրացմամբ: Ավելին, այն կարող է նաեւ օգտագործվել որպես ինքնատիպ հակադեպրեսանտի տեսակ: Նախորդ ուսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ քրքումինը կարող է հանդես գալ որպես հակավիրուսային միջոց եւ ազդել SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ իմունային պատասխանի վրա:
Վիրուսների դեմ քրքումինի ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ ազդում է վարակիչ նյութերի վերարտադրության վրա, արգելակում է պրոտեազի կարեւոր ֆերմենտները եւ խանգարում է վիրուսային մասնիկին կցվել բջջին ու վարակել այն: Հետազոտությունները ցույց են տվել, որ պոլիֆենոլն ավելի արդյունավետ է SARS-CoV-1-ի՝ սուր շնչառական համախտանիշի հարուցիչի դեմ, քան բնական այլ միացություններ, ներառյալ՝ հեսպերինինը եւ կվերցիտինը: Այս նյութը խոչընդոտում է 3C-ի նման պրոտեազի եւ պապաինանման պրոտեազի ակտիվությանը, որոնք անհրաժեշտ են վիրուսի բազմացման եւ տիրոջ իմունային համակարգի դեմ դրա պայքարի համար:
Փորձագետներն ակնկալում են, որ քրքումինը մարդու բջիջներում ավելի կարճ ժամանակահատվածում կնվազեցնի վիրուսային բեռը՝ համեմատած այլ դեղամիջոցների հետ՝ կանխելով COVID-19-ի առաջընթացը:
Մոդելավորումը ցույց է տվել, որ պոլիֆենոլը կրկնակի արգելակող ազդեցություն ունի բջջին կապվելու կորոնավիրուսի ունակության վրա՝ այն ճնշում է ինչպես S-սպիտակուցի, այնպես էլ դրան կապվող ACE-2 ռեցեպտորի ակտիվությունը, որը գտնվում է տեր-բջիջների մակերեսին:
Ըստ գիտնականների խոսքերի, քրքումինի ազդեցությունը կարող է արհեստականորեն ուժեղացվել նանոմասնիկների միջոցով, որոնք կծառայեն որպես պոլիֆենոլի մոլեկուլների տեղափոխողներ պացիենտի օրգանիզմում, ինչպես նաեւ դրա հետ կունենան սիներգետիկ հակավիրուսային ազդեցություն: