«Տելեկոմ Արմենիա»-ի աշխատակցը 7.696.327 դրամ մալուխները կտրել, պղնձյա լարերը հանձնել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 26-ամյա երիտասարդը, 2017 թ. փետրվարին ստանձնելով Վանաձոր քաղաքի Տ. Մեծ հասցեում գտնվող «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող պահոցի գույքի պատասխանատու անձի պաշտոնը, օգտվելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորություններից, 2020 թ. մայիսից-օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս կտրտելով, շարունակաբար, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 7.696.327 դրամ արժողության մալուխները, ապա այրելու միջոցով պղնձյա լարերն առանցնացրել մեկուսիչներից և հանձնել որպես ջարդոն:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.