Արտակարգ դեպք. 55–ամյա հայրն ու նրա 28 և 23–ամյա որդիները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչներ, 55-ամյա Նորայր Նավասարդյանը, 28-ամյա Կարեն Նավասարդյանը և 23-ամյա Ռոստոմ Նավասարդյանը: Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները այդ պահին ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել Ն., Կ., Ռ. Նավասարդյանների և նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Թոռն Շարոյանի, 21-ամյա Խադո Շարոյանի, 19-ամյա Ազիզ Շարոյանի միջև, որի ժամանակ էլ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, Շարոյաններից մեկը դանակով հարվածներ է հասցրել Նավասարդյաններին:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներ Կ. և Ռ. Նավասարդյանները Ն. Նավասարդյանի որդիներն են, իսկ Խ. և Ա. Շարոյանները՝ Թ. Շարոյանի որդիները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Թ., Խ., Ա. Շարոյաններին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.