«Թող գլուխ գովա Ալիևն ու իր կլանը, նրանց ևս քիչ է մնացել…». Զոհրապ Եգանյան

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Վերլուծական միտք չեմ տեսնում, սթափ վերլուծական միտք: Հետաքրքիր է, օրինակ քանի վերլուծաբան կա, որ հասկանում է, թե ինչ՞ կապ կա Թուրքիայի իբրև թե հզորացման փուչիկի ու այս օրերին Չինական զորքի` Բիրմայի հետ սահմանին կուտակելու միջև: Հետաքրքիր է, կա՞ որևէ կենտրոն, որ երկրի ղեկավարների սեղանին դնում է անալիտիկ թերթիկներ, որտեղ կբացատրի, թե ինչու են աշխարհում «կազմակերպվում» կորոնավիրուսներ ու լոկալ պատերազմներ, թե ո՞րն է դրանց վերջնանպատակը ու թե քանի տարի է գնալու այս պրոցեսները: Անկեղծ ասած` տպավորություն ունեմ, որ պատկերացում չկա:

Իմ կարծիքով Թուրքիան խիստ գերագնահատված է ու այս երկիրը համաշխարհային կապիտալի, փողի տերերն օգտագործում են ընդամենը «մանր-մունր» պատերազմներ հրահրելու համար, մոտավորապես նույնն է, ինչ անցած դարի 30-քկաններից ամերիկյան բանկիրներն աճեցրեցին ու ուժեղացրին Գերմանիան, որին վերջում պետք է մորթեին և նպատակ կար կործանել Բրիտանական կայսրության հնացած մոդելը: Այսօր մեր սահմաններով է անցնում Չինաստանի դեմ սպասվող ապագա պատերազմը, Թուրքիան դուրս է գալու Միջին Ասիա ու հասնի Չինաստանի սահմանին, որտեղ թյուրքական ույգուրներն են և ապակայունացնելու են Չինաստանը, Բիրման որպես օրինակ կարող եք դիտարկել, այդ երկրում օրեր առաջ հեղաշրջում արեցին, իսկ չինական նավթը Պարսից ծոցից գալիս է հենց այդ երկրի ենթակառուցվածքներով:

Հարցն այն է, թե ինչի համար է այս ամենը, պատասխանը կապիտալիստական հասարակարգի գոյությունը 30-40 տարով երկարացնելն է: Փողերի տերերը գիտեն, որ կապիտալն անընդհատ տարածվել է «սիրում» նոր շուկաներ, նոր տարածություններ, իսկ Սովետական միության և սոցիալիստական ճամբարի փլուզումից ու կլանումից հետո այլ տարածություն չկա արդեն 30 տարի: Իսկ երբ նորը չկա` հասարակարգը պահելու համար պետք է պատերազմ, անկայունություն, ճգնաժամ, բայց կապիտալի կենտրոններից հնարավորինս հեռու:

Ի դեպ` Ռուսաստանին ես ընկալում եմ հակաչինական բլոկում, ակնհայտ է, որ այս երկիրը պահում, աջակցում է Թուրքիային: Ի թիվս այլ պատճառների` կա ևս մեկը` հո՞մ իրենք չեն սրի հարաբերությունները Չինաստանի հետ: Կարդացեք թե ինչ է կատարվում Ղազախստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում ու մտածեք` ինչու՞ է Ռուսաստանը թույլ տալիս, որ Թուրքիան մտնի Միջին Ասիա: Մեր սերունդը կտեսնի Թուրքիայի մասնատումը, հիմա ուղղակի պետք է մնալ ջրի երեսին, առանց դատարկաբանությամբ զբաղվելու երկիրն ուժեղացնել, առանց գլուխ գովելու զինվել: Թող գլուխ գովի Ալիևն ու իր կլանը, նրանց ևս քիչ է մնացել: Բայց մինչ այդ կլինեն ցնցումներ, պատրաստ լինենք դրանց ու Ռուսաստանի հետ պահենք բարձր հարաբերություններ, դիրքավորենք մեզ որպես դաշնակից: Այլ ելք չեմ տեսնում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.