Կյանքի 84-ի տարում ապրիլի 11-ին վախճանվել է Մխիթարյան միաբանության անդամ, աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի դոկտոր, արվեստաբան, գեղանկարիչ Հարություն վարդապետ Պզտիկյանը։ «Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է «Ֆրանս-Հայկական միություն»-ը (Union Franco-Arménienne)։
«Սրտի ցավով պետք է տեղեկացնենք, որ այսօր, Փարիզի արվարձանում, Սեւր քաղաքում գտնվտող Սամուել Մուրադեան վարժարանի մեջ, կյանքից հեռացավ մեր Սիրելի ՎԱՐԴԱՊԵՏԸ` Հայր Հարութիւն Պեզտիկեանը:
Մեծ Հայ, Մարդ, Արվեստագետ, Հոգեւոր Հայր, Աստվածաբան, իրական Հայ Հոգեւորական... ՄԵԾ ՄԱՐԴ
Մահկանացուն կնքել էր իր աշխատանքային սեղանի մոտ, մինչեւ վերջին վայրկյանը աղոթել, աշխատել եւ ստեղծագործել էր հանուն Հայ ազգի, հայրենիքի եւ հանուն բարու ...
Աստված հոգիդ լուսավորի մեր սիրելի ՎԱՐԴԱՊԵՏ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ «Վիկիպեդիա»-ի՝ Հարություն Պզտիկյանը ծնվել է 1937-ի հուլիսի 27-ին, Բեյրութում։ Սովորել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում, 1950 թվականից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանում։ Հռոմի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, աստվածաբանություն և հոգևոր երաժշտություն, Հռոմի Գրիգորյան համալսարանից ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի կոչում։ 1962 թվականին դարձել է վարդապետ։ Երկու տարի սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։
Հոգևոր և ստեղծագործական աշխատանքներին զուգահեռ կատարել է նաև խմբագրական գործեր, եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրեն, դասավանդել է հայկական կրթօջախներում։ Հեղինակել է բազմաթիվ գրքեր հայերեն և օտար լեզուներով։ Դասավանդել է Փարիզի Սամուել-Մուրատ վարժարանում։ Եղել է Մխիթարյան միաբանության պաշտոնական ամսագրի` «Բազմավէպ»-ի խմբագրապետ։
Հեղինակ է գրականագիտական, հայագիտական, արվեստին ու մանկավարժությանը վերաբերող հայերեն և օտար լեզուներով բազմաթիվ աշխատությունների։
2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում հանդես է եկել «Նապոլեոն Բոնապարտի կապը Մխիթարյան միաբանության հետ» թեմայով դասախոսությամբ։