«Հրապարակ» թերթը գրում է. «Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը կալանավորված է: Նրա Նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել: Նրան մեղադրում են Ղազախստանի բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Ղազախստանի zakon.kz էլեկտրոնային թերթը: Հայ գործարարին սպառնում է 7-10 տարվա ազատազրկում: Ըստ պարբերականի, արդեն երկար տարիներ Բեստամակ գյուղի բնակիչները պահանջում են փակել Տերտերյանների խոզաբուծարանը, որը գտնվում է նրանց գյուղի տարածքում, քանի որ ահավոր գարշահոտություն է տարածվում: Գյուղի բնակիչները բողոքել Են, որ Տերտերյանին պատկանող ձեռնարկությունը թունավորում է գետերը, հողը՝ օրական հարյուրավոր խոզի գլուխներ բնության գիրկը նետելով:
Հայ գործարարն անցյալ տարեվերջին աղմկոտ սկանդալի կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ Արևմտյան Ղազախստանի Ակտյուբինսկի մարզի բնապահպանական վարչությունը, տեղի իշխանությունները Բեստամակ գյուղի բնակչության բողոքի լեկցիաների հետքերով ստուգումներ իրականացրին նրան պատկանող խոզաբուծարանում: Ստուգումներով հաստատված համարեցին, որ խոաբուծական համալիրը կենսաբանական թափոններն ուղղակի թաղել է Բեստամակ գյուղի մոտակայքում: Ըստ Ղազախստանի իրավապահների, գետնի տակից մոտ 200 տոննա թափոն են հանել: Պարզվել է նաև, որ երկու տարի ձեռնարկությունը թափոններն արտանետել է շրջակա միջավայր՝ չունենալով համապատասխան թույլտվություն: Արդյունքում ՀՀ պատվավոր հյուպատոսին սնանկացրել են՝ 7 մլրդ թենգե տուգանք սահմանելով, ինչը մոտ 7,5 մլն դոլար է: Նրա գործը դատարանում է:
Մյուս կողմից, տեղեկություններ կան, որ Հայկ Տերտերյանի ձեռնարկության վերաբերյալ տեղի իրավապահների կողմից հրապարակվող լուրերը չափազանցված են, որ Ղազախստանի իշխանությունները վերջին տարիներին ընդգծված նեգատիվ վերաբերմունք ունեն հայազգի գործարարների նկատմամբ, և որ պետականորեն նրանց բիզնեսը խլելուն ուղղված քաղաքականություն է ընթանում: Ղազախստանի արդարադատության որակի մասին է վկայում երկու տարի առաջ հայազգի գործարար, 6 երեխայի հայր Գեղամ Ասրյանի հետ կատարվածը: Նրան Ղազախստանի նույն՝ Ակտյուբինսկի մարզում մեղադրել էին խարդախության մեջ: Հսկ երբ նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը մեկնել էր Ղազախստան և քննիչներին ներկայացրել փաստաբանի արտոնագիրը՝ Գեղամի և երկու այլ հայ քաղաքացիների շահերը ներկայացնելու համար, Ակտոբե քաղաքի քննիչը նրան բերման էր ենթարկել, առգրավել փաստաթղթերը, անձնագիրը և սպառնալով, որ կազատագրվի,
հրահանգել էր, որ փաստաբանն այլևս չհայտնվի իրենց բազարում ու չփորձի որևէ հայի պաշտպանել: Իսկ երբ փաստաբանը հաջորդ օրը պահանջել էր իր փաստաթղթերը, նրանից պահանջել էին 20 հազար դոլար: «Ղազախստանում հայ գործարարներին դրած՝ մորթում են, ունեզրկում են, ռեյդերություն են անում, հենց տեսնում են՝ կայացած բիզնեսմեն է, սկսում են սնանկացնել,- ասում է մեր աղբյուրը, որն առնչվել է Ղազախստանի բիզնես- աշխարհին:- Տերտերյանը մեծ բարեգործություններ է արել Բեստամակ գյուղի համար, վերջապես, նա մեր պատվավոր հյուպատոսն է, գուցե այսօր նա պաշտպանության կարիք ունի»,- ասաց մեր զրուցակիցը: Մենք փորձեցինք ԱԳՆ-ից պարզել, թե տեղյակ են արդյոք, որ ՀՀ պատվավոր հյուպատոսին կալանավորել են Ղազախստանում, չե՞ն պատրաստվում արդյոք պաշտպանել նրան: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ տեղեկություններ ունենալուն պես կհայտնեն: Այսինքն՝ ԱԳՆ-ում ոչ միայն չեն պաշտպանում ՀՀ պատվավոր հյուպատոսին, այլև անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվել նրա հետ»: