Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ տևական ժամանակ է, Երևանում գործող հայտնի սուպերմարկետներից մեկից հաճախակի գողության դեպքեր են տեղի ունեցել, սակայն սուպերմարկետի դեկավարության կողմից հրահանգվել է, որ այդ մասին չբարձրաձայնվի, այսինքն՝ կատարված գողությունների մասին ոստիկանությունը չիմանա, մինչդեռ բազմաթիվ ոստիկաններ նշում են, որ եթե ժամանակին այդ սուպերմարկետից գողություն կատարողներին բռնեն, ապա նրանց ախորժակը չի բացվի և չեն շարունակի իրենց գողությունները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մարտի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 35-ամյա Արսեն Ղ.-ին:
Պարզվել է, որ նա մարտի 16-ին Մալաթիայի վարչական տարածքի Րաֆֆու փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետից գողացել է մի քանի տուփ «Ժիլետ» սափրվելու պարագաներ:
Պարզվել է նաև, որ նմանատիպ գողություններ նշված սուպերմարկետից կատարվել է մի քանի անգամ, սակայն ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկություններով՝ սուպերմարկետի ղեկավարությունը հրահանգել է, որպեսզի կատարված գողության մասին մարդ չիմանա: Հակառակ դեպքում՝ եթե գողության մասին ոստիկաններն իմանան, այդ աշխատակիցը չի աշխատի սուպերմարկետում:
Ու հիմա ոստիկանները կատակով ասում են՝ «Երևան Սիթի»-ից գողություն կատարողները երևի մտածում են՝ «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ»: Զարմանքն էլ երևի այն նկատի ունեն, որ «Երևան Սիթի»-ի ղեկավարությունը արգելում է կատարված գողությունների մասին ոստիկաններին հայտնել: