5 քաղաքացի դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով վարձատրել իրենց իրականացրած մարտական հերթապահության համար: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Քաղաքացիներ՝ Կարեն Ավետյանը, Հրայր Ավետիսյանը, Սարո Բագրատյանը, Հրայր Սահակյանը եւ Վարուժան Քալանթարյանը դիմել են Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի՝ պահանջելով 2020 թվականի հոկեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կազմում իրականացված մարտական հերթապահության համար իրենց վարձատրությունը կատարել:
Հայցը ներկայացվել է մարտի 29-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գեւորգ Սոսյանին:
Նշենք, որ այս խնդրի վերաբերյալ հունվար ամսին բողոքի ակցիաներ տեղի ունեցան ՊՆ-ի դիմաց. մի շարք քաղաքացիներ պահանջում էին, որպեսզի նախարարությունը վճարի իրենց հասանելիք գումարը:
Խնդրին անդրադարձել էր նաեւ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ փետրվարի 10-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշելով, որ մոբիլիզացիոն զորքերի միայն 3-4 տոկոսին չի վճարվել աշխատավարձերը:
Ըստ նախարարի՝ չի վճարվել նրանց, ովքեր չեն ներկայացրել անձնական տվյալները եւ նրանց ովքեր զինկոմիասարիատի հանձնարարությամբ դուրս են եկել այնտեղից եւ զորամաս չեն հասել:
Նա նաեւ հայտարարել էր, որ այդ գործընթացը գնում է եւ մինչև մարտի 1-ը հաշվառման խնդիրները կլուծեն եւ կվճարեն: