Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական XT Management ընկերության բեռնատար նավին։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները՝ նշելով, որ բեռնանավը Տանզանիայից մեկնում էր Հնդկաստան, սակայն Արաբական ծովում այն խոցվել է իրանական զինվորականների արձակած հրթիռով։
Հաղորդվում է, որ նավը վնասվել է, սակայն կշարունակի հետևել իր երթուղուն և կվերանորոգվի Հնդկաստանում։
Փետրվարին իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Օմանի ծոցում գտնվող իսրայելական նավի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի պատճառների մասին ոչինչ չէր հաղորդվել, սակայն միջադեպից մի քանի օր անց Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, որ իսրայելական նավի վրա կատարված հարձակման հետևում կարող էր կանգնած լինել Իրանը։
Մարտի սկզբին Wall Street Journal-ը հայտնել էր, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Իսրայելը հարձակվել է առնվազն 10 իրանական նավի վրա, որոնք հիմնականում նավթ էին տեղափոխում Սիրիա։