Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունն այսօր հաղորդեց, որ ոուս-վրացական սահմանին բեռնատարների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 1 հոգի։ Նախնական տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Ռազմավրացական ճանապարհի սահմանային անցման չեզոք գծի վրա։ Նշվում է, որ միջադեպի մասնակիցները ոչ Ռուսաստանից են, ոչ էլ Վրաստանից։
Օրեր շարունակ Լարսի ճանապարհին խցանման մեջ մնացած վարորդնեից մեկը «Առաջին լրատվականը»-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, ականատես են եղել միջադեպին, բայց բոլորն էլ լուրերից տեղեկացել են, որ միջադեպը հայի և թուրքի միջև է եղել, իսկ սպանվողը հայ է եղել։ «Մենք միջադեպին ականատես չենք եղել, տեսանյութ ենք տեսել վարորդների հետ, որտեղ ասվում է, որ վիճաբանությունը եղել է հայի ու թուրքի միջև և թուրքը հային սպանել է»,-ասաց Դավիթ Սարգսյանը։
Դավիթը, սակայն, նշեց, որ նման վիճաբանություններ ճանապարհին գրեթե չեն լինում, թեև ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներին կարելի է հանդիպել ճանապարհին․«Ես 7-8 տարի է էս գործի մեջ եմ, չեմ հանդիպել նման միջադեպերի, ծեծկռտուքների, քաշքշուկների։ Ստեղ՝ էս հերթերի մեջ ինչ ազգի մարդ ասես, կարող ես հանդիպել, բայց վիճաբանություններ չեն լինում համարյա։ Մարդիկ իրենց գլուխը կախ սպասում են իրենց հերթին, որ անցակետը անցնի ու գնա։ Բոլորն էլ խուսափում են վիճաբանություններից, կռիվներից։ Թե էս մի դեպքը ոնցա եղել, չեմ կարող ասել»,-ասաց մեր զրուցակիցը։
Դավիթը նաև նշեց, որ երկու-երեք օրվա մեջ 4-5 կիլոմետր են միայն առաջ գնացել։ Կրկին նույն խցանման մեջ կանգնած են։ Վարորդներին սնունդ բաժանում են ԱԻՆ-ի աշխատողներ և տեղի բնակիչները։