Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանյան լճում հայտնաբերված դիակի ինքնության և մահվան հանգամանքների մասին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով արդեն 4 անձ է ձերբակալվել։ Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ` 31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ` 28 ամյա Թաթուլ Մ.-ն կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի 7-ից որպես անհետ կորած որոնվող, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու մեջ:
Կայքը գրում է, որ դեռևս մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ի երեկոյան եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհետ կորել է: Նույն օրը ոստիկանության ծառայողները սկսել են որոնողական աշխատանքներն ու մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձանց բերման ենթարկվել։ Նշվում է, որ նրանցից մեկը տվել է խոստովանական ցուցմունք։
Ըստ դրա՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Էդգար Ա.-ն սպանվել է։ Նրա դին նետել են գետն ու այսօր այն հայտնաբերվել է Երևանյան լճում։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերել։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 12։28-ին։