Խորհրդային Միության և Հայաստանի բազմակի չեմպիոն Լյուդվիգ Մնացականյանի անվան դահուկավազքի ամենամյա հուշամրցաշարը երեկ չի կայացել:
ՈՒթ տարի անցկացվող մրցաշարին մասնակցության հայտ էին ներկայացրել մարզի տարբեր բնակավայրերի 80 դահուկորդներ, որոնք այդպես էլ մրցուղիներ դուրս չեն եկել: Բուքն ու գրեթե զրոյական տեսանելիությունը ձախողել են մրցաշարի անցկացումը և ոչ միայն։
Անկանխատեսելի մարտ ամսվա եղանակային տարօրինակություններին Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում հարմարվել են։ Մարտ ամիսն ավարտվում է, իսկ Աշոցքում դեռ խորը ձմեռ է: Ձյան շերտի բարձրությունը հասնում է մոտ մեկ ու կես մետրի։
Դահուկորդներին թույլ չի տրվել մրցուղի դուրս գալ, վտանգավոր են եղել անգամ նախավարժանքները ։ Մինչ այդ մրցուղիներ հարթեցնող տեխնիկան մարզիչի ու դահուկորդների հետ դուրս էին եկել ու մոլորվել Վարդաղբյուրի սարերում ։
«Երեք հոգով գնացել են սար ու ճանապարհը չեն կարողանում գտնել։ Դրանից բացի տեխնիկան է փչացել, հիմա ուզում ենք հասկանալ , որ ուղղությունով են գնացել, որ մենք էլ գնանք ինչ -որ բանով օգնենք, տեխնիկան էլ սարքենք բերենք հետ»,-SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Գյումրիի Լյուդվիգ Մնացականյանի անվան դահուկավազքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հովհաննես Սարգսյանը:
Ցածր տեսանելիության պատճառով մարզիչն ու դահուկորդներից երկուսը կորցրել էին հետադարձ ճանապարհը ։ Մոտ երկու ժամ անց միայն նրանց հետ հաջողվեց կապ հաստատել։ Տեղանքում կողմնորոշվելու համար ստիպված եղան տարածք եկած շտապօգնության ավտոմեքենայի ազդանշանները միացնել , որպեսզի կողմնորոշվեին և շարժվեին ձայնի ուղղությամբ:
Մարզիչ Սլավիկ Սարգսյանին և երկու դահուկորդներին օգնության հասան տեղանքին ծանոթ մարզիկներից մի քանիսը։Երկու ժամից ավելի տևած որոնողական աշխատանքներից հետո ձյան գերության մեջ հայտնվածները գտնվեցին։
«Մի երեք հատ ձոր ենք իջել ու ելել, ճամփեն կորցրեցինք, ահավոր բուք էր, եթե ես մենակ էղնեի ,չէի կարողանա հետ գալ,պտի սպասեի մինչև եղանակը բացվեր,թաղվել էի ձյան մեջ, նավիգացիայով էրեխեքը էկան մեզի գտան, եթե չգային ես հազիվ մինչև գարնան գլուխ հասնեի տեղ»,-իրենց հետ կատարվածի մասին պատմել է դահուկավազքի մարզիչ Սլավիկ Սարգսյանը:
Նրանց հաջողվել էր գտնել GPS համակարգի միջոցով։ Իսկ ամենամյա հուշամրցաշարը այդպես էլ չկայացավ։ Մեկնարկի ու ավարտի ցուցանակներն ու պատվո հարթակները այդպես էլ մնացին ձյան տակ։