«Ֆեյսբուքի» օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել է, որ Երեւանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովը իր 4-ամյա երեխային ծեծի է ենթարկել:
Ծնողի փոխանցմամբ՝ երեխային տարել է բժշկական կենտրոն՝ էխոսրտագրության հետազոտության: Երեխան վախեցել է ու չի ցանկացել պառկել, ինչի պատճառով մանկական սրտաբան Կարեն Կուրդովը գոռացել է երեխայի վրա, քաշքշել նրան, ապա նաև ծեծել։ Երեխայի մայրը հավելել է, որ բժիշկ Կուրդովը գոռացել է նաև իր վրա:
«Ասաց, որ գնամ բոլորին ասեմ, որ իրեն չլսող երեխաների հետ ինքը սենցա վարվում»,- գրել է Մանե Ռաֆայելյանը։
Գրառման մեկնաբանություններում ծնողը մանրամասնել է, որ ծեծից հետո երեխայի դեմքին hեմատոմա է առաջացել, իսկ ծեծի պահին ինքը ոչինչ չի արել, որովհետեւ չէր հասկանում, թե ինչի համար է բժիշկը գոռում երեխայի վրա, քաշքշում եւ հարվածում նրան. «Երեխեն կապտեց: Այդ պահին երեխայի մասին էի մտածում, ոչ թե մեկին ծեծելու»,- նշել է 4-ամյա տղայի մայրը՝ արձագանքելով մեկ այլ օգտատիրոջ մեկնաբանությանը, թե նրա փոխարեն ինքն էլ բժշկին կծեծեր:
Ծնողի գրառման մեկնաբանություններում որոշ օգտատերեր էլ նշում են, որ ճանաչում են բժշկին եւ չեն հավատում, որ նա այդպիսի պահվածք է դրսեւորել:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը (ՆՄԲԿ) պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Կուրդովը եւ ՆՄԲԿ-ն անընդունելի են համարում տեղի ունեցածը, ինչի համար ներողամտություն են հայցում երեխայի ծնողներից: Մեկնաբանելով միջադեպը՝ նշել են.
«Բանն այն է, որ երեխան անկառավարելի էր մամայի ներկայությամբ, և բժիշկը, կրելով բժշկական պատասխանատվություն, պարտավորված լինելով «2-րդ կարծիք» տալ «առողջ սիրտ» գնահատված երեխային և հետազոտությունը տեսագրելու անհրաժեշտություն ունենալով, հարկավոր էր, որ երեխան հանգիստ պառկած լինի։ Իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարել կարողանալու նպատակով բժիշկ Կուրդովը սաստել է երեխային, ինչը, ցավոք, «հատուկ» մեկնաբանության է արժանացել իրավական տերմինաբանությանը ծանոթ Ավագյանների մոտ (խոսքը երեխայի ծնողների մասին է-խմբ.): Շատ լավ հասկանալով «ընտանեկան իրավաբանական արժանապատվությունը» «փրկելու» ձգտումը՝ հույս ենք հայտնում,որ Ավագյանները ձեռնպահ կմնան ողջ կյանքը մարդկանց առողջությանը նվիրած բժշկին հանիրավի պարսավելուց»:
ԲԺշկական կենտրոնը նաեւ ներկայացրել է բժշկի անցած ուղին՝ նշելով, որ այն բավականին երկար է՝ լի բարդություններով և մեծ ձեռքբերումներով:
«Բժիշկ Կուրդովը մանկական և պերինատալ սրտաբանության հիմնադիրներից է Հայաստանում, նա առաջիններից է, ով սկսեց խոսել պտղի սրտի ներարգանդային ախտորոշման մասին և զբաղվել դրանով։ 1993 թվականից մինչ այսօր Կարեն Կոնստանտինի Կուրդովի հետ աշխատում ենք միասին՝ կատարելով մեր առաքելությունը: 1993-2020թթ. բժիշկ Կուրդովը հետազոտել է մոտ 2500 հղիների, որոնցից 500-ի պտղի սրտի արատ է հայտնաբերվել և 24.000 երեխայի սիրտ, որոնցից 3500 մոտ հիվանդություն է հայտնաբերվել: Երեխաները գտնվում են վերահսկողության տակ՝ մի մասը նորածնային տարիքից մինչև հղիություն, ներառյալ ներարգանդային վարում և վարկաբեկել բժշկին, ով երեխաների համար ոչինչ չի խնայում և անձնվեր կատարում է իր աշխատանքը, ուղղակի անթույլատրելի է: Սա համառոտ այն ճանապարհն է, որ բժիշկն անցել է ՆՄԲԿ թիմի հետ միասին: Մեր իրականությունում կան մարդիկ, որոնք փաստացի կասկածի տակ են դնում բժշկի ու իրա գործընկերների մասնագիտական հմտություններն ու գիտելիքները՝ ասելով, որ նա ծեծի է ենթարկել 4 տարեկան երեխայի՝ առանց խորամուխ լինելու մանրամասների և, բժշկական լեզվով ասած, «դեպքի հոգեբանության մեջ»,- գրված է բուժհաստատության տարածած հաղորդագրության մեջ:
Մեզ հետ զրույցում «Նորք Մարաշ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Լենա Սիմոնյանն ասաց, որ ԲԿ-ի տնօրենին ժամանակավորապես փոխարինող ֆինանսական գծով փոխտնօրեն Հրայր Հակոբյանը վարչական տույժ է կիրառել տվյալ բժշկի նկատմամբ: Սակայն այն, ինչ ծնողներն են նկարագրում՝ ծեծուջարդ եւ այլն, նման բան չի եղել: Հավելեց, որ կատարվածը շատ մանրամասնել չեն կարող, քանի որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:
Դեպքի առնչությամբ հաղորդում է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժնում, և նյութեր են նախապատրաստվում։ Քրեական գործ դեռևս չի հարուցվել։