Մարտի 13-ին «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամները Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քհն. Սահակյանի հետ այցելել են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, զոհված ազատամարտիկ Վյաչեսլավ Բադալյանի ընտանիքին և նրա շիրիմին։ Այս մասին հայտնում են «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
«Վյաչեսլավ Բադալյանը ծնվել և մեծացել էր Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Գերազանցության դիպլոմով ավարտել էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, անվճար ընդունվել նույն ֆակուլտետի մագիստրատուրա, բայց որոշել էր ուսումը շարունակել ծառայությունից հետո։
Վյաչեսլավը կրտսեր սերժանտի կոչումով ծառայության էր անցել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում, պատերազմից օրեր առաջ ստացել ավագ սերժանտի կոչում։
Վյաչեսլավը օրինակելի ուսանող էր, նվիրված ընկեր, հրաշալի եղբայր և հոգատար որդի։ Նա վայելում էր իր շրջապատի սերն ու հարգանքը։
Հայրենիքն անսահման սիրող հայորդին անհավասար մարտերի ընթացքում խոցել էր թշնամու 3 տանկ։ Չլսելով հրամանատարի խորհուրդը՝ խոցել էր վերջին տանկը և զոհվել հենց այդ գործողության ժամանակ։ Իր նախնիների հողում՝ Հադրությում, զոհված հայորդին, մարտական գործողությունն ավարտին հասցնելով, փրկել էր 15 ծառայակից ընկերների կյանքերը։
Վյաչեսլավ Բադալյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»: