Օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել, որը, մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ հայտնի պաշտոնյայի բարեկամն է: Մասնավորապես մեզ տեղեկություններ հասան, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի հետնամասում: Պաշտոնյայի բարեկամը ընկել է հյուրանոցի հետնամասում տեղակայված մեքենաներից մեկի վրա: Ըստ ամենայնի, երբ մեքենայի սեփականատերը մոտեցել է մեքենային, տեսել է կնոջը՝ արնաշաղախ վրան ընկած, որից հետո հյուրանոցում մեծ աղմուկ է բարձրացել: Հյուրանոցում գտնվող անձինք, վայր ընկած կնոջ ազգականները, ահազանգել են
շտապօգնություն, ինչից հետո կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժին: Արդեն բժշկական հաստատությունից կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն: Նշենք, որ կնոջը հիվանդանոց են տեղափոխել երեսը փակ վիճակում: Դա կարող է 2 պատճառով եղած լինել. կա՛մ որպեսզի նրան չճանաչեն, կա՛մ ընկնելուց հետո կնոջ դեմքն անասելի վնասված է եղել: Ինչո՞ւ էր հայտնի պաշտոնյայի ազգականը գնացել հյուրանոց եւ, առհասարակ, ինչպե՞ս է ստացվել, որ կինը 4-րդ հարկից ընկել է:
«Ժողովուրդ» օրաթերթը նախ փորձեց կատարվածի մասով պարզաբանում ստանալ ոստիկանությանից: Ի պատասխան մեր տեղեկությունների՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին. «Նոյեմբերի
27-ին, ժամը 18:30-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Մետրոպոլ» հյուրանոցի հետնամասից իրենց մոտ է տեղափոխել պոլիտրավմա ախտորոշմամբ մոտ 60 տարեկան մի կնոջ»: Ըստ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության՝ պարզվել է, որ կինը Մաշտոցի պող, 2/2 հասցեում գտնվող հյուրանոցի հետնամասի 2-րդ (սա ոստիկանության պաշտոնական տվյալներով) հարկից պատահաբար վայր է ընկել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Բայց ամեն դեպքում կատարվում է հետաքննություն:Դատելով ոստիկանության պաշտոնական պատասխանից՝ հայրենի պաշտոնյայի մտերիմները գլխացավանքից ազատվելու համար իրավապահներին ասել են, թե դեպքը տեղի է ունեցել պատահաբար: Բայց անկախ այն հանգամանքից, թե ինչ են պատմել կնոջ հարազատները, իրավապահները գործին համապատասխան ընթացք են տվել` պարզելու՝ նա ինքնասպանություն կատարելու համա՞ր է իրեն ցած նետել, թե՞ կնոջը ինչ-որ մեկն է ցած նետել: Կատարվածի մանրամասները
պարզելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել հյուրանոցի ղեկավարության հետ: Սակայն հյուրանոցից չկարողացան պատասխանել հարցին՝ դեպքը պատահաբա՞ր է եղել, թե՞ կնոջը ցած են նետել: Հյուրանոցի աշխատակիցը, լսելով դեպքի մասին, միայն ասաց. «Մեզ մոտ որեւէ տեղեկություն չկա այդ դեպքի հետ կապված»: Մեր այն հարցին, որ հյուրանոցում նման դեպք չի՞ եղել, աշխատակցուհին նշեց. «Կրկնում եմ՝ նման դեպք եղել է, թե ոչ, մեզ այդպիսի լուր չի հասել, այլ հարցով չեմ կարող օգնել»: Իսկ ինչ ցույց
կտա դատաբժշկական փորձաքննությունը՝ ինքնասպանությա՞ն, թե՞ սպանության փորձ, կպարզվի ապագայում: Հավելենք, որ երեկ բժշկակական կենտրոնից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կինը դեռես գտնվում է վերակենդանացման բաժնում, եւ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հ. Գ. Անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակում ո՛չ տիկնոջ, ո՛չ էլ բժշկական կենտրոնի անունը:
Քնար Մանուկյան
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am