Թակարդ` վարորդների համար... Ուշադրություն շատ կարևոր տեղեկություն բոլոր վարորդներին.

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ 2016թ. Իջեւանի շուկայի դիմաց՝ միջպետական ավտոճանապարհին, բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել, որոնք այդ հատվածում որոշ չափով կարգավորեցին երթեւեկությունը: Սակայն խնդիր մնաց դեպի շուկա եւ հակառակ ուղղությամբ հետիոտների անցումը: Անցորդները դանդաղ, մեկ առ մեկ անցնում են միջպետական ավտոճանապարհով՝ խոչընդոտելով մեքենաների երթեւեկը, խցանումների պատճառ դառնում: Բազմիցս «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետից հետաքրքրվել է, թե ինչու այդ հատվածում լուսացույց չի տեղադրվում, ինչին ի պատասխան՝

նա ասել է, թե տվյալ հատվածում նախատեսվում է հետիոտնի վերգետնյա կամ ստորգետնյա անցում կառուցել: Սակայն անցումն այդպես էլ չի կառուցվում, առանց լուսացույցի էլ անցորդները շարունակում են խանգարել միջպետական ավտոճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցներին: 2017թ. մայիսի 10-ին Իջեւան քաղաքի տասնյակ բնակիչներ, ի նշան բողոքի, Իջեւանի շուկայի մոտ փակել էին միջպետական ավտոճանապարհը: Նշված բետոնյա արգելապատնեշները հանելը ճանապարհ փակողների պահանջներից մեկն էր: Ընդամենը երկու օր առաջ էլ՝ նոյեմբերի լույս 27-ի գիշերը, ժամը 01:40-ի սահմաններում, «ՄԱՆ» մակնիշի վրացական պետհամարանիշներով բեռնատարը կցորդով Իջեւանի շուկայի դիմաց բախվել էր բետոնյա արգելապատնեշին եւ կողաշրջվել: 

Ճանապարհային ոստիկանության աշխատակից Սերժիկ Ղալթախչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհի այդ հատվածում սահմանված է 40 կմ/ժամ առավելագույն արագություն: Ի դեպ, կողաշրջված մեքենան ապակե իրեր էր տեղափոխում, ընդհանուր 25 տոննա քաշով, այն բավական երկար ժամանակ շրջված վիճակում մնաց ճանապարհին,

մինչեւ դեպքի վայր ժամանեցին մաքսային ծառայության աշխատողները եւ բացեցին կապարակնքված բեռնախցիկը, որից հետո բեռը տեղափոխվեց այլ բեռնատար ու հնարավոր եղավ ավտոմեքենան շրջել: Ի դեպ, մինչեւ արգելապատնեշը դրա գոյության մասին նախազգուշացնող որեւէ նշան տեղադրված չէ, այսինքն՝ տեղանքին անծանոթ եւ սահմանված 40 կմ/ժամ արագությունը չպահպանող վարորդների համար այն վերածվում է թակարդի:

Ոսկան Սարգսյան Տավուշ 




 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Թակարդ` վարորդների համար... Ուշադրություն շատ կարևոր տեղեկություն բոլոր վարորդներին.


Նյութի աղբյուր՝ armlur.am