Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 20 տարի առաջ սպանված Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործով դատական նիստը:
Այսօր գործով որպես վկա դատարան էր եկել երգչուհի Նունե Եսայանը, որը դեպքի օրը՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, գտնվել է «Առագաստ» սրճարանում:
Դատարանը, սակայն, չհասցրեց վկաներին անդրադառնալ, քանի որ ամբաստանյալ Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը կրկին միջնորդեց հետաձգել դատական նիստը:
Նիստի հետաձգման մասին տեղեկանալուց հետո Նունե Եսայանը, դիմելով դատավորին, ասաց, որ ինքը վկա չի եղել՝ հավելելով, որ դեպքն իր գնալուց հետո է եղել: Դատավորը ի պատասխան ասաց, որ երգչուհին կա դատակոչի ցուցակում:
Նիստի ավարտին Նունե Եսայանից խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ իրեն գործով վկա չի համարում, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ դատավճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: