Նոյեմբերի 28-ին, ժամը 18.40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Varks.am» կազմակերպության Մաշտոցի պողոտայի մասնաճյուղից ահազանգ ստացվեց: Աշխատակցուհին հայտնեց, որ զինված մարդ է ներս մետել ու գումար հափշտակել: Պարզվեց, որ հարձակվողը եղել է գլխարկով, դեմքին՝ բժշկական դիմակ, ձեռքում էլ՝ ատրճանակի նմանվող առարկա: Նա մոտեցել էր պատուհաններից մեկին ու
սպառնալով փող էր պահանջել: Աշխատակցուհին նրա տված տոպրակն էր լցրել դրամարկղի գումարը, նախնական տվյալներով՝ 292 հազար դրամ, ու տվել հարձակվողին: Դեպքի պահին մասնաճյուղում եղել են կազմակերպության 6 աշխատակից, նաև 2 հաճախորդ, որոնք նրա դեմքը չէին տեսել: Ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզեցին հարձակվողի ինքնությունը: Դեպքից երկու օր հետո՝ նոյեմբերի 30-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և ավազակային հարձակում կատարելու
կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվեց Փայլակ Մարտիրոսյանը: 24-ամյա Մարտիրոյանը Լոռու մարզի Նորաշեն գյուղից է: Ընդամենը երկու ամիս առաջ ընդունվել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջ: Մակարովի նմանվող օդամղիչ ատրճանակը հայտնաբերվել է նրա խուզարկությամբ: Օդամղիչ ատրճանակը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է: Այն ուղարկվել է փորձաքննության: Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են: Փայլակ Մարտիրոսյանը ձերբակալվել է: Ավազակային հարձակման հանագամանքները պարզվում են:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am