Հանրապետության հրապարակում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքը: Այն մեկնարկեց մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով՝ ի հիշատակ մեր բոլոր հերոսների, նահատակների, զինվորների ու սպաների:
«Պարոնա՛յք, զբաղվո՛ւմ եք ձեր գործով, Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ: Սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը»,- ասաց վարչապետը՝ դիմելով ԶՈՒ սպաներին, զինվորներին, գեներալներին:
«Ի՞նչ է տեղի ունեցել այսօր. այո՛, մեր բանակին, զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ, և այսօր ես հստակ գնահատել եմ, որ գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց վարչապետը:
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ շատ բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո:
«Բայց ես էլի ուզում եմ ասել իրենց իմ ասելիքը մեկն է. պարոնա՛յք, զբաղվո՛ւմ եք Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ: Դո՛ւք պիտի իրականացնեք ձեր գործը, բանակը չի՛ կարող հետ նայել, բանակը չի՛ կարող թիկունքին նայել, բանակը չի՛ կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ, բանակը պիտի միայն ու միայն ենթարկվի ժողովրդին ու ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը:
Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, պետության, օրինականության, ընդդեմ Հայաստանի Հանրապետության անվտանգության»,- նշեց Փաշինյանը՝ կոչ անելով ծառայության վայրերը լքած սպաներին վերադառնալ ու զբաղվել իրենց աշխատանքով: