«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել, որը, մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ հայտնի պաշտոնյայի բարեկամն է:
Մասնավորապես մեզ տեղեկություններ հասան, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի հետնամասում: Պաշտոնյայի բարեկամը ընկել է հյուրանոցի հետնամասում տեղակայված մեքենաներից մեկի վրա: Ըստ ամենայնի, երբ մեքենայի սեփականատերը մոտեցել է մեքենային, տեսել է կնոջը՝ արնաշաղախ վրան ընկած, որից հետո հյուրանոցում մեծ աղմուկ է բարձրացել:
Հյուրանոցում գտնվող անձինք, վայր ընկած կնոջ ազգականները, ահազանգել են շտապօգնություն, ինչից հետո կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժին:
Արդեն բժշկական հաստատությունից կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն: Նշենք, որ կնոջը հիվանդանոց են տեղափոխել երեսը փակ վիճակում: Դա կարող է 2 պատճառով եղած լինել. կա՛մ որպեսզի նրան չճանաչեն, կա՛մ ընկնելուց հետո կնոջ դեմքն անասելի վնասված է եղել:
Ինչո՞ւ էր հայտնի պաշտոնյայի ազգականը գնացել հյուրանոց եւ, առհասարակ, ինչպե՞ս է ստացվել, որ կինը 4-րդ հարկից ընկել է:
«Ժողովուրդ» օրաթերթը նախ փորձեց կատարվածի մասով պարզաբանում ստանալ ոստիկանությանից: Ի պատասխան մեր տեղեկությունների՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին. «Նոյեմբերի 27-ին, ժամը 18:30-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Մետրոպոլ» հյուրանոցի հետնամասից իրենց մոտ է տեղափոխել պոլիտրավմա ախտորոշմամբ մոտ 60 տարեկան մի կնոջ»:
Կատարվածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել հյուրանոցի ղեկավարության հետ: Սակայն հյուրանոցից չկարողացան պատասխանել հարցին՝ դեպքը պատահաբա՞ր է եղել, թե՞ կնոջը ցած են նետել: Հյուրանոցի աշխատակիցը, լսելով դեպքի մասին, միայն ասաց. «Մեզ մոտ որեւէ տեղեկություն չկա այդ դեպքի հետ կապված»:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am