Ընդամենը 1 ամիս հետո բարձրանալու են ավելի քան 800 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը: Դա հանգեցնելու է այդ ապրանքների թանկացմանը: Ընդ որում, դրանք հիմնականում լայն սպառման ապրանքատեսակներն են՝ շաքարավազ, միս, կարագ, ավտոմեքենա և այլն: Մաքսատուրքերի բարձրացումն ու դրան հետևող թանկացումները պայմանավորված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու քայլով: Այդ միությունը բարձրացնելու է ոչ անդամ երկրներից ներկրումների մաքսատուրքը, որպեսզի այդպիսով խրախուսի իր ներքին արտադրությունն ու դրա սպառումը: Իսկ որն ավելի ճիշտ է, այդ քաղաքականությունը հիմնականում վարում է ԵԱՏՄ-ում դոմինանտ երկիր Ռուսաստանը, որն այդպիսով ցանկանում է խթանել իր արտադրության արտահանումը գոնե անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան: Իսկապես, վիճակագրությունն էլ է ապացուցում, որ անդամ երկրները միմյանց հետ առանձնապես առևտրաշրջանառություն կամ տնտեսական հարաբերություններ չունեն, նրանց բոլորի կապը հիմնականում ՌԴ-ի հետ է:
Եվ այդպիսով սխալված չենք լինի, եթե ասենք, որ ՌԴ-ն իր ապրանքը մեր վրա վաճառելու համար ստիպում է բարձրացնել Եվրամիության անդամ կամ այլ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքը, որպեսզի, օրինակ, Գերմանիայից, ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից ավտոմեքենաների ներկրումը թանկանա, ու ԵԱՏՄ անդամ այդ երկրների քաղաքացիները նորից անցնեն խորհրդային ժիգուլիներին, վոլգաներին ու նիվաներին: Բայց սա հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ կոնկրետ Հայաստանում այդ պայմանը սոցիալական մեծ լարվածություն է առաջացնելու: Օրինակ, ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանի խոսքերով՝ ԵԱՏՄ-ի մաքսային դրույքաչափերի 76 տոկոսով տարբերվում են Հայաստանում գործող դրույքաչափերից և հակասում են մեր շահերին: Նրա խոսքերով՝ անդամակցելուց հետո, ճիշտ է, նվազել են 1700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափեր, բայց 6300
ապրանքատեսակի դրույքաչափերն էլ ավելացել են: Ու առաջիկա տարիներին կավելանան մոտ 800 ապրանքատեսակի մաքսատուրքերը: Եվ սա այն դեպքում, երբ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի արտաքին առևտուրը կազմում է ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մոտ 25 տոկոսը: «Իհարկե, ինչը հնարավոր է գտնել տեղական շուկայում, նկատի ունեմ նաև ԵԱՏՄ շուկայում, թեկուզ ոչ բարձր որակի, դա կարող է սպառողի վրա մեծ ազդեցություն չթողնել: Բայց որակյալ կարագ, շաքարավազ և այլ սննդամթերքի դեպքում արդեն թանկացումը զգալի կլինի: Եվ դա արդեն կա»,- մեզ հետ զրույցում ասում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Թանկացումներ կլինեն նաև Հայաստանի նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, որը նորից հունվարի 1-ին է տեղի ունենալու: Այս դեպքում արդեն կբարձրանան շատ կարևոր ապրանքների՝ բենզինի և սեղմած գազի, ինչպես նաև ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս դեպքում թերևս էականն առաջին երկու ապրանքատեսակներն են, որոնք այլ արտադրությունների արտադրության կամ
ծառայությունների դեպքում գնագոյացնող ազդեցություն ունեն: «Բենզինի ակցիզային հարկը 25.000 դրամից դառնալու է 40.000 դրամ: Նույն կերպ սեղմած գազինը՝ 8000-ից 25.000 դրամ: Ընդ որում, հետագա մի քանի տարիներին էլ ավելի է բարձրանալու: Եթե սեղմած գազի 1 խորանարդ մետրն այս պահին վաճառում են 170 դրամով, ապա հունվարի 1-ից դրան առնվազն 17 դրամ կավելանա: Իսկ լիցքավորող կայաններն իրենց շահույթը պահելու համար էլ ավելի կբարձրացնեն»,- հավելում է Ս. Բագրատյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թե՛ ՊԵԿ-ի, թե՛ կառավարության այլ պաշտոնյաների կողմից մեկնաբանություններ եղան, թե սեղմած գազի ակցիզային հարկի բարձրացումը տրանսպորտի սակագների բարձրացման չի հանգեցնի: «Դա չի կարող չազդել տրանսպորտի թանկացման վրա: Պատկերացրեք, եթե երթուղայինի վարորդը իր օրվա երթուղին սպասարկելու համար օրական օգտագործում է 5000-6000 դրամի գազ, հունվարից հետո կվճարի 7000 և ավելի դրամ: Այդ լրացուցիչ գումարը նա ո՞ւմից պետք է գանձի, եթե ոչ սպառողից»,- հակադարձում է պատգամավորը:
Իսկ արդյոք այդ թանկացումները չեն ազդի տարադրամի փոխարժեքի վրա: Սովորաբար հակառակն է լինում՝ երբ դոլարի կամ եվրոյի փոխարժեքն է բարձրանում, այն թանկացմանն է հանգեցնում: Չէ որ ներկրողները դրսից ապրանք գնելու համար արդեն թանկ տարադրամ են գնում: Իսկ գուցե հակառակ տարբերակն էլ կա: Ս. Բագրատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարությանն այս պահին ոչ գնաճ, ոչ էլ տարադրամի փոխարժեքի բարձրացումը ձեռնտու չէ, որպեսզի իրականացնի արտաքին պարտքի սպասարկումը: Չէ որ այն տարադրամով է իրականցվում: Սովորաբար կառավարությունն այդ սպասարկումն իրականացնում կամ այդ վճարումներն ավարտում է տարեվերջին: Եվ իսկապես, օգոստոսից սկսած ակնհայտ թանկացումներին հակառակ Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա համար 1 կամ մինչև 1 տոկոս թանկացում է ամրագրել: Իսկ փոխանակման կետերը մեկ-երկու շաբաթ առաջ սկսել էին բարձրացնել դոլարի փոխարժեքը՝ այն 477 դրամից մինչև 486 դրամի էր հասել: Վերջին օրերին, սակայն, մի քանի դրամով իջեցրել են: «Կառավարությունը կարծես թե գների զսպում է իրականացնում, բայց դա ամբողջությամբ
չհաջողվեց՝ կարագն ու մի քանի այլ ապրանքներ թանկացան: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կոնկրետ խնդիր էր դրել, որ թանկացումներ չլինեն: Կոնկրետ ապրանքատեսակի ներկրման տերերին գիտեն, դրանք մենաշնորհված ոլորտներ են, այնպես չէ, որ շատ կազմակերպությունների հետ են գործ ունենալու և պատվիրեն՝ չթանկացնել: 20.000 ապրանքատեսակի դեպքում ընդամենը 7 հոգու են զանգում ու այդ հարցը լուծում: Պարտքի սպասարկման խնդիր ունեն՝ դրսից եկող տրանսֆերտները կհավաքեն, հետո նոր գները բաց կթողնեն: Այդ բարձրացումը կարող է վերաբերել նաև վալյուտային, որի արդյունքում դոլարի գինը կարող է հասնել 500 դրամի»,- ասում է Ս. Բագրատյանը:
Իսկ փոխարժեքի բարձրացումն արդեն կարող է տեղի ունենալ հունվարի կեսերից: Բայց քանի որ 2018թ. ապրիլին մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունենալու և պետք է որոշվի, թե ով է լինելու երկրի ղեկավարը՝ նոր վարչապետը, Ս. Բագրատյանի կարծիքով՝ տարադրամի փոխարժեքի մեծ տատանում թույլ չեն տա, որպեսզի շոկ կամ տնտեսական ցնցում չստեղծվի ու դրա արդյունքում սոցիալական դժգոհություն չառաջանա: Եվ ապրիլյան անցումը կատարեն «խաղաղ» պայմաններում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am