Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներ Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին հրամանագրեր է ստորագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենիապրես»-ը, Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

 

«Արցախյան շարժումն իր բնույթով ու բովանդակությամբ կարելի է բաժանել մի քանի փուլերի՝ սկսած քսաներորդ դարի առաջին տասնամյակներից: Այդ մեծ պայքարի թոհուբոհում մենք միշտ ունեցել ենք նվիրյալներ, ովքեր իրենց օրինակով ու վարքով մեր ժողովրդին առաջնորդել են այն ճանապարհով, որը տանում է դեպի ազգային նպատակների իրականացում:

Այդ երախտավորների թվում են Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներ Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանը: Բարձր գնահատելով Հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները և ի հավաստումն Շարժման գաղափարներին ու արժեքներին մեր հավատարմության՝ Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին ընդառաջ ստորագրել եմ հրամանագրեր՝ Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին»,- գրել է Հարությունյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.