Գերությունից վերադարձած Ազնիվ Բաղդասարյանը՝ հանրության վատ վերաբերմունքի մասին

Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանցի զինվորները մոտենում են Ազնիվ անունով մի հայ կնոջ, որն ապրում է Արցախում, և կինը նրանց բարի գալուստ է մաղթում իրենց տուն: Հայաստանյան հասարակությունն ի սկզբանե կասկածի տակ առավ կնոջ հայ լինելը, սակայն հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, բայց՝ գերեվարված, իսկ տեսանյութը՝ բեմադրված:

Գերեվարվելուց մեկ ամիս անց Ադրբեջանը, ի թիվս այլ գերիների, հայկական կողմին վերադարձրեց նաև Ազնիվ Բաղդասարյանին: Այսօր Ազնիվն ապրում է Ապարանի գյուղերից մեկում և գտնվում ծանր սոցիալական պայմաններում:

 

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ նրան են այցելում մարտական ընկերները և փոխանցում արտերկրից ուղարկված դրամական օգնություն:

Նույն տեսանյութում Ազնիվ Բաղդասարյանը որոշ մանրամասներ է պատմում իր հետ տեղի ունեցածի մասին: Գերեվարվելուց երեք ամիս անց ազատամարտիկ-կինը նշում է, որ մինչ օրս չի կարողանում ամբողջապես վերաինտեգրվել հասարակության մեջ, քանի որ հաճախ մարդիկ նրան մեղադրում են և ատելությամբ վերաբերվում: «Ես մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գամ, ես դուրս եմ գալիս խանութ… մարդ կա՝ ցավով է նայում, մարդ կա՝ անտարբեր է նայում, մարդ էլ կա՝ ընենց ատելությունով է նայում, որ կարծես պատերազմը ես եմ պարտվել: Բայց ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի»,- հուզմունքով ասում է Ազնիվ Բաղդասարյանը եւ հավելում, որ սիրել է, սիրում է և կսիրի իր հայրենիքը:

Պատմելով գերեվարման հանգամանքների մասին՝ Ազնիվը նշում է, որ, Ջաբրայլի (Ջրական) հատվածում երկու օր լինելով շրջափակման մեջ, ընկնելով քնով, հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում. «Ինձ սխալ ուղղություն էին ցույց տվել: Ես դուրս եկա Ջաբրայիլի չաստի վրա, պախկվելով, որտեղ արդեն թուրքեր կային: Տեսա երկու վիրավոր զինվոր տղա, մնացի իրենց կողքը՝ մինչև իրենք մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի, հետո տղերքին տեղափոխեցի ավտոյի մեջ: Ընդեղ խոզեր էին ման գալիս, չէի ուզում՝ խոզերը տղերքի դիակները ուտեն:

Ջաբրայելում առաջին անգամ էի, ճանապարհը լավ չգիտեի ու սխալվել էի, գնացել էի դեպի Արա լեռ: Դե, գիտեի, որ Արա լեռում հլը մերոնք կան, բայց մինչև հասել էի, արդեն չկային: Ոչ մեկը չկար: Երկու օր շրջապատման մեջ եմ եղել, դրանից հետո թուրքերը միամիտ ինձ բռնել են: Քնել էի, եթե քնած չլինեի, չէին բռնի»,- հիշում է նա՝ շարունակելով. «Մի 15 հոգով ծեծելով բերել հասցրել էին, որտեղ իրենց զենքը, զինամթերքն էր, հագիս շորերը սաղ ճղել էին, իրենք տվել են ինձ իրենց թուրքական պալատկեն, հետո նկարահանման ժամանակ մի հատ ադյալ են գտել, էդ ադյալը տվեցին՝ հագնեմ: Իրենք մտածում էին, որ իմ համար վատություն են անում, բայց էդ մի կողմից ինձ համար լավություն էր»,- նշում է նա:

Կարիքի մեջ գտնվող Ազնիվին դրամական օգնություն տարած մարտական ընկերների թվում էր նաև նրա հրամանատարը՝ Ռոմիկ Մխիթարյանը, որն էլ խոսելով Ազնիվի մարդկային և զինվորական հատկանիշների մասին, նշում է, որ նա Արցախյան առաջին պատերազմի տարիներից է մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, իսկ Ապրիլյան պատերազմի ժամանակվանից ընդգրկվել է Երկրապահի կենտրոնական բաժանմունքի կազմում և նորից մասնակցել մարտական գործողություններին.

«Ազնիվենք օրուգիշեր, առանց մի րոպե հանգստանալու, զբաղված էին վիրավորներին օգնելով: Ամսի 5-ին, երբ եղավ հարձակումը Ջաբրայիլի զորամասի վրա, Ազնիվը, աղջիկները, երբ վիրավորվել էր մեր Հապետը, առաջին օգնությունը իրենք են ցույց տվել: Ազնիվս, քանի որ ծանրամարմին էր, մնացել էր բաց դաշտում: Սնարյադները չորս կողմում տրաքում էին, ինքը բաց դաշտի մեջտեղում ծնկաչոք աղոթում էր»,- հիշում է հրամանատարը՝ հավելելով, որ Ազնիվին խնդրելով, համոզելով հասցրել է, իր համոզմամբ, ապահով վայր, որտեղ այլ հայկական ջոկատ է եղել:

Սակայն հետո ջոկատի հրամանատարը ջոկատի որոշ անդամների հետ շրջափակման մեջ է հայտնվել և մինչև դուրս են եկել, արդեն լսել են Ազնիվի գերեվարման լուրը: «Մինչև վաշտը հավաքեցինք իրար գլուխ, երկու օր մենք շրջափակման մեջ էինք, մինչև դուրս եկանք, մեզ լուր եկավ, որ Ազնիվը գերի է ընկել: Չգիտեմ՝ ինչի իրենք դուրս էին եկել (նկատի ունի մյուս ջոկատը-խմբ.), Ազնիվիս սխալ ուղղություն էին ցույց տվել: Բայց, փառք Աստծո, էդ ամեն ինչը անցավ գնաց: Մեր հաղթանակները առջևում են»,- ասում է հրամանատարը:

Ջոկատի հրամանատարը նաև վստահ է, որ եթե Ազնիվի մասնակցությամբ բեմադրված տեսանյութը չլիներ, գուցե նա այսօր ողջ չլիներ՝ գնահատելով նաև այն սխրանքը, որ Ազնիվը կարողացել է թաքցնել իր ազատամարտիկ լինելու հանգամանքը, քանի որ եթե իմանային, որ ազատամարտիկ է, տանջելու էին՝ տեղեկություն կորզելու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ socialmedia.am