Մեքսիկայի գեղեցկության թագուհուն 50 տարվա ազատազրկում է սպառնում

Մեքսիկայի գեղեցկության թագուհուն՝ 25-ամյա Լաուրա Ռոմերոյին 50 տարվա ազատազրկում է սպառնում՝ մարդկանց առևանգման համար։ Ոստիկանության տվյալներով՝ աղջիկը մտել է բանդայի կազմի մեջ և իրականացրել ծանր հանցագործություններ, գրում է Mexico News Daily-ն։

 

Հաղորդվում է, որ մեքսիկական ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր խմբի 8 ենթադրյալ մասնակցի, որոնց թվում է նաև գեղեցկուհին։ Հանցավոր խմբավորումը զբաղվել է մարդկանց առևանգմամբ և այլ հանցագործություններով Օահակա և Վերակրուս նահանգներում։
Օահակա նահանգի դատարանը մեղադրանքների հետաքննման համար 2 ամիս ժամանակ է տվել իշխանություններին։ Այդ ընթացքում կասկածյալները կլինեն կալանքի տակ։ Եթե նրանց մեղավոր ճանաչվեն, բոլորին սպառնում է 50 տարվա բանտարկություն։

Թերթը նշում է, որ Ռոմերոն իր հարցազրույցներում մշտապես աջակցել է բռնության դեմ պայքարին, հատկապես՝ ուղղված կանանց դեմ, հագուստով օգնել է կարիքավորներին, միջոցներ հավաքել քաղցկեղով հիվանդների համար։

«Միսս Օահակա» տիտղոսը նա նվաճել է 2018 թվականին։ 2020 թվականին Կոլումբիայում անցկացված միջազգային մրցույթի արդյունքներով դարձել է «Սուրճի թագուհի»։

Նրան ձերբակալել են Վերակրուս նահանգում, որը երկրում երկրորդ տեղն է զբաղեցնում մարդկանց առևանգումների թվով (ամսական 15-20 դեպք)՝ զիջելով միայն Մեխիկո նահանգին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.