Երևանում հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանը պղծել են

Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանը պղծել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը՝ հրապարակելով պղծված հուշարձանի լուսանկարը:

«Սենց բան արածը մարդ չի։ Սա ոչ մի բանով հնարավոր չէ արդարացնել։ Խոսքեր չեմ գտնում։ Փորձում եմ ինձ սփոփել, ստիպելով հավատալ, որ դա ոչ թե հայ է արել, այլ թշնամական մի պետության հատուկ ծառայության գործակալ։ (Ի դեպ, իրավապահները այդ վարկածն էլ պետք է հետաքննեն): Իմ ցավակցություն ու համերաշխությունն եմ հայտնում ազգությամբ հրեա բոլոր համաքաղաքացիներիս», - նշել է նա։ 

 

արձան

Լրագրող Արշալույս Մղդեսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ջավախքում` իմ ծննդավայրում, խոսք կա` մեռելից չեն օխում։ Այսինքն` մեռելին քեն չեն քշում։

Հասկանում եմ` պատերազմում իսրայելական դրոնների օգտագործման ու դրա հետևանքներից մեր հանրային ցասումը, բայց ի՞նչ կապ ունեն միլիոնավոր հայ և հրեա անմեղ զոհերը ու իրենց հիշատակը։

Թե՞ խիզախություններս էսքան է հերիքում, այլ բան չեն կարող անել ու ճարահատյալ հուշարձան ենք պղծում, դառնում վանդալ։

Սա ոչ թե դուխի, ոչ թե խիզախության, այլ ճարահատյալության ցուցադրություն է։

Լուրջ գործով զբաղվելու փոխարեն, մեր անզորության խուլիգանական դրսևորումն է մեռելների, հայ և հրեա մեռելների հիշատակի հուշարձանի նկատմամբ։

Երևանի քաղաքապետարան ինչի՞ է հուշաքարն էս վիճակում, չե՞ք ուզում մաքրել։

ՀՀ ոստիկանություն սրան առաջին հերթին դուք պետք է արձագանքեք... ոնց որ առաջին դեպքը չի»։ 

 

արձան

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.