Դանակահարություն Երևանում. Հայտնի է թե ինչն է եղել պատճառը

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ այդ քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին այդ պահին բացատրություն տալու: Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 21-ամյա Արտյոմ Բ.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են, որ Արտյոմ Բ.-ն հիվանդանոց է տեղափոխվել Տերյան փողոցից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառն էլ եղել է այն, որ Արտյոմ Բ.-ն հեռախոսային SMS հաղորդագրություններ է ուղարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Ն. Կ.-ին, վերջինս էլ այդ մասին հայտնել է իր երկվորյակ եղբորը՝ Նարեկ Կ.-ին: Վերջինս էլ Արտյոմ Բ.-ին հայտնել է, որ չփորձի շարունակել հաղորդագրություններ ուղարկել քրոջը, սակայն Արտյոմը խոստումը չի կատարել և կրկին հաղորդագրություն է ուղարկել: Այդ մասին իմանալով, Նարեկ Կ.-ն հանդիպման է հրավիրել Արտյոմ Բ.-ին, որի ժամանակ էլ վիճաբանություն է առաջացել, և Նարեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտյոմ Բ.-ին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.