Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջան է վերադարձվել ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված 2 զինծառայող

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք 2021 թ. հունվարի 30-ին ձերբակալվել էին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում։

 

Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելուն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով պահպանվում է մշտական հաղորդակցություն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ վերջին 1 օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 96 փախստական։ Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 14-ից ԼՂ-ի իր նախկին բնակության վայր է վերադարձել 51 947 մարդ։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

Ականազերծման աշխատանքներ չեն իրականացվել՝ հաշվի առնելով բարդ եղանակային պայմանները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.