SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում սպանության փորձի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 65-ամյա Պյոտր Բելենջյանը և հայտնել, որ նույն օրը «Արեշ» հյուրանոցային համալիրում իր հետ վիճաբանել է 42-ամյա Կարեն Բաղդասարյանը, որի ժամանակ վերջինս ձեռքերով սեղմելով իր պարանոցից՝ փորձել է սպանել: Արդեն ոստիկանության ծառայողին Պ. Բելենջյանը հայտնել է, որ Կ. Բաղդասարյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դրան միջամտել է հյուրանոցում գտնվող հաճախորդներից մեկը, իսկ դրանից հետո Կ. Բաղդասարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Բելենջյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Արեշ» հյուրանոցային համալիր տնօրենն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: