Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ հաջորդ պանդեմիան տասն անգամ ավելի վատ կլինի

Microsoft-ի հիմնադիր, մուլտիմիլիոնատեր և բարերար Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ համաճարակին, որը կարող է տասն անգամ ավելի վատ լինել COVID-19 պանդեմիայից:

«Հուսով եմ, որ երկու տարի անց իրավիճակն այլ տեսք կունենա։ Պատվաստանյութեր, թեստեր, դեղորայք, համաճարակաբանություն, մոնիթորինգ…կան շատ բաներ, որոնք կարելի է անել», – հայտարարել է Գեյթսը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում։

Գեյթսի կարծիքով, COVID-ը դարձել է ամենօրյա կյանքի մի մասը նույն չափով, ինչ երկրաշարժերը, տորնադոն կամ կլիմայի փոփոխությունը:

«Կառավարությունների խնդիրն է պաշտպանել քաղաքացիներին այդ իրադարձություններից։ Արդեն  այս  համաճարակի ժամանակ մեծ տարբերություն կլիներ, եթե նախապատրաստությունը մի քիչ ավելի լավ լիներ»,- ասել է Բիլ Գեյթսը:

Գեյթսն ընդգծել է, որ ախտորոշման լավագույն հնարավորությունները թույլ կտային ավելի արագ հայտնաբերել վարակվածներին և զգալիորեն նվազեցնել զոհերի թիվը, հատկապես ԱՄՆ-ում: Ընդ որում, նա հավելել է, որ նման սպառնալիքների պատասխանը պետք է գլոբալ լինի։

Հայտնի է, որ համաճարակի սկսվելուց ի վեր բժիշկները նոր վարակի շուրջ հարյուր միլիոն դեպք են հայտնաբերել, ավելի քան 2,1 միլիոն մարդ մահացել է: Ամենից շատ վարակվածները և հիվանդության զոհերը ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում են:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.