Լինելու են անսպասելի զարգացումներ

Lragir.am-ը գրում է.  ԶԼՄ-ները հրապարակել են հայկական քաղաքական «էլիտայի» ամանորյա ուղերձները, որոնք, բացի պարտադիր-նոմենկլատուրային բնույթից, այս տարեմուտին նաեւ առանձնահատուկ իմաստ են ձեռք բերում, կամ ավելի ճիշտ՝ պետք է ունենային այդպիսի իմաստ։ Պետք է արձանագրել, որ դրանք ոչ միայն չունեին այդ իմաստները, այլեւ կրկնում են նոյեմբերի 9-ից հետո հաստատված կաղապարները, եւ նման «էլիտայի» հույսին մնացած Հայաստանին 2021-ին սպասվում են նոր փորձություններ։

Աղետի նկարագրություններ եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու «պետքեներ»՝ համեմված վատ թաքցված երեսպաշտության համապատասխան դոզայով՝ ահա այդ ուղերձների բովանդակությունը։ Թվում է՝ ուղերձներն այլ կերպ չեն էլ լինում, սակայն այս տարին այդ առումով պետք է առանձնահատուկ լիներ քաղաքական դերակատարների համար։

Հայաստանի քաղաքական դասը մերժո՞ւմ է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը չի գործում ստորագրման պահից, եւ այս հանգամանքն աղաղակող ծավալներ է ստացել ներկայում։ Հիմա ոչ ոք արդեն չի կասկածում, որ դա ռուս-թուրքական համաձայնություն է ընդդեմ Հայաստանի՝ Արցախը Հայաստանից կտրելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու նպատակով։ Եթե այդ հայտարարությունը չի մերժվում, ինչպե՞ս է հիմնավորվում Հայաստանի հետագա զարգացումն ու վերելքը, որ խոստանում են քաղաքական դերակատարները

Նիկոլ Փաշինյանը խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման եւ անվտանգային նոր երաշխիքների ստեղծման մասին: Նրա ախոյանը՝ Վազգեն Մանուկյանը, ասում է, որ նոր բովանդակությամբ է լցնելու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բացի այդ, Մանուկյանի գլխավորած 17-ի «գաղափարական թեզերից» մեկն այն է, որ Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է։ Իսկ եթե Ռուսաստանն ու Թուրքիան միասի՞ն են։ Թե՞ չեն հավատում Վլադիմիր Վլադիմիրովիչին եւ Ռեջեփ Ահմադովիչին։

Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը պատերազմի ընթացքում պաշտոնապես հրաժարվել են կատարել իրենց պարտավորությունները իրենց «պատասխանատվության գոտում», եւ հայկական քաղաքական դասը չի պահանջել Ռուսաստանից կատարել իր պարտավորությունները, ողորմելի փաստարկներով արդարացնելով նրան։ Հիմա, ի՞նչ անվտանգային երաշխիքների կամ նոր բովանդակության մասին է խոսքը, Մոսկվայի առաջ նոր հնարավորություններ բացելո՞ւ։

Ի դեպ, Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են հարաբերությունների 100-ամյակին․ հիշեցնենք, որ 1921 թ․ պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային ու Բաքվին նվիրեց Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ Կարս, Սուրմալու-Արարատ, Նախիջեւան։ Հայկական քաղաքական դասը պատրաստվո՞ւմ է դատապարտել այդ պայմանագիրը, տալ քաղաքական գնահատականներ, նկատի առնելով նաեւ, որ եռակողմ հայտարարություն կոչվածը 1921 թ․ գործարքի մի հերթական հանգրվանն է, եւ ոչ ավարտը, ինչի հույս ունեն օտար անվտանգային երաշխիքների վրա մակաբուծելու հավակնություն ունեցող քաղաքական դեմքերը, որոնց ցանկությունն այդպիսով հանգում է ընդամենը «դավաճանության փայաբաժինը» ստանալուն։

Ընտրելով ռուս-թուրքական «նոր բովանդակությունը», Հայաստանը դատապարտվում է պերմանենտ հայրենազրկման ու ցեղասպանության։ Հայկական քաղաքական դասը ողբից, կապիտուլյանտությունից ու Վլադիմիր Վլադիմիրովիչին շնորհակալություն հայտնելուց բացի այլ բանի ընդունա՞կ է։

Փոխարենը, հայ ժողովուրդը գիտե իր անելիքը 2021 թվականին՝ մերժել ոչ միայն իրեն պարտադրվող «հին ու նոր բովանդակությունները», այլեւ դրա պրովայդերներին Հայաստանում։ Ըստ էության, արդեն մերժել է, եւ նոր նախաձեռնությունների եւ նոր ուժերի ժամանակն է։ Այդպիսիք կան, եւ լինելու են անսպասելի զարգացումներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.