Անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է 08-ին և դիմել փախուստի․ կան վիրավորներ․ 08-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Shamshyan.com-ը գրում է. Այսօր, հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի10-րդ կմ հատվածում բախվել է Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ 31-ամյա Նորիկ Մարտիրոսյանի վարած VAZ 2108 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն․ Մարտիրոսյանն ու նրա համագյուղացի 23-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ- փրկարարների կողմից դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերտիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդն էլ դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Օրջոն Հայրապետյանն ու Էդուարդ Սաֆարյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Շմավոնյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.