Դեկտեմների 27-ին ժամը 09։37-ի սահմաններում ներկայիս Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` վերջին 24 ժամում երկրաշարժից հետո Էլազըղում իրարահաջորդ 75 երկրաշարժ է գրանցվել, որոնցից ամենախոշորը Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3․7 բալ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Էլազըղին հարակից Մալաթիա, Դերսիմ (Թունջելի) և Բինգյոլի (Բյուրակն) նահանգներում։
Նշենք, որ նախօրեի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր 15կմ խորության վրա։ Ցնցումները գրանցվել են նաև հարևան նահանգներում: Երկրաշարժի հետևանքով 1 շենք է փլուզվել։ 68 մարդ ինքնազգացողության վատացման պատճառով դիմել են հիվանդանոց։
Նախնական տվյալներով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան:
Հիշեցնենք, որ Էլազըղ նահանգում 2020թ․ հունվարի 24-ին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Եղել էին զոհեր և ավերածություններ։
Աղբյուր՝ Ermenihaber.am