Բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
««Youtube» կայք-էջում հրապարակվել է տեասնյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:
Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես կասկածյալ, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: