Ապրիլյան պատերազմում զոհվածի մորն «աչքալուսանք» են տվել՝ «տղեդ Մոսկվայում ֆռֆռում է» ...

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Դպրոցի փոխտնօրեն Սիլվարդ Հայրապետյանը դպրոցի մաքրուհի Ջավահիր Աղաջանյանին աչքալուսանք է տվել` ասելով, որ ապրիլյան պատերազմում զոհված որդին՝ 20-ամյա Միշա Աղաջանյանը, ողջ է եւ «ֆռֆռում է Մոսկվաներում»:

Ջավահիր Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատելով մեր տեղեկությունները՝ միաժամանակ ասաց, որ փոխտնօրենը մինչ այս իրենից ներողություն չի խնդրել եւ չի հիմնավորել, թե որտեղի՞ց իրեն Միշայի ողջ լինելու ու Մոսկվայում գտնվելու տեղեկությունը:

«Նա իր այդ խոսքերը չհիմնավորեց, չապացուցեց, թե որտեղից է իմացել ու ո՞վ է ասել իրան»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասա Ջավահիր Աղաջանյանը:

Ջավահիր Աղաջանյանի խոսքով՝ պատճառն այն է եղել, որ ինքն ու իր ընտանիքը նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ չեն սատարել եւ չեն ընտրել փոխտնօրենի որդուն՝ ՀՀԿ-ական Արտավազդ Գալստյանին:

«Իր տղան գյուղապետի թեկնածու էր, չընտրվեց: Դժգոհ էր, որ չենք աջակցել, որ ընտրվի, երեւի պատճառը դա էր եղել: Ես պատերազմից հետո ոչ մի տեղ չեմ գնում, ոչ մի բանի չեմ մասնակցում: Դրա տղուն ընտրողն ո՞վ է, գյուղի համար ի՞նչ է արել, որ ընտրեն:

Ես էլի աշխատում եմ դպրոցում, բայց իրեն չտեսնելու եմ տալիս: Ես հիմա ուրիշ զբաղմունք չունեմ, գնում եմ, զբաղվում եմ: Ամբողջ հայ ազգը թքում է իրա երեսին, որ նման բան է ասել ինձ: Ինքը՝ որպես մայր, իրավունք չուներ նման բան ասեր: Ես նրան մարդ չեմ համարում, որ ուրիշի ցավի վրա աղ է լցնում»,- պատմեց Միշայի մայրը:

Թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ին չհաջողվեց խոսել Սիլվարդ Հայրապետյանի հետ, իսկ նրա որդին՝ Ծաղկահովիտի նախկին գյուղապետ Արտավազդ Գալստյանը տեղեկացրեց, որ Միշայի ողջ լինելու մասին տեղեկությունը Միշայի հայրն է գյուղում տարածել:

«Նախ իրանց մեջ միջադեպ չի եղել, երկրորդն էլ հենց իրենք են ըտենց ասում: Էդ տղու հերը, հորեղբերը գյուղում ասում են, որ իրանց տղան Մոսկվայում է: Ես եղունգ չեմ նայում, որ իրանց որտեղից այդ տեղեկությունը: Մայրս էլ աչքալուսանք չի տվել, ասել է ուրախ եմ: Իրանք դաժե գյուղում չեն թողում, որ ասենք՝ օղորմի տղուդ»,- ասաց Արտավազդ Գալստյանը:

Միշա Աղաջանյանի մայրը մեզ ասաց, որ որդու դին չի տեսել, քանի որ պաշտոնական տեղեկություն են նրան տրամադրել, թե՝ տանկի պայթյունի հետեւանքով որդու մարմինը հալվել է:

«Ապրիլի 7-ին զանգել են ու ասել են, որ իմ տղեն էլ չկա: Մենք ամսի 4-ից տեղեկություն չենք ունեցել: Ապրիլի 3-ի իրիգունը ժամը 9-ին խոսել է մեր հետ: Ամեն ինչ լավ էր, ոչ մի բողոք, ոչ մի դժգոհություն, պատերազմից ոչ մի խոսք չէր ասում: Լավ ծառայում էր, մնացել էր 9 ամիս, որ հետ գար: Մեր միակ երեխան էր»,- ասաց մայրը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com