Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Միհրան Պողոսյանը` նշելով, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում:
Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ:
Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանը 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 71 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀՇ անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 57 ընտրատարածքից։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերիմշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ, ապա ղեկավար։ Անկուսակցական։
2001 թ. հուլիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ՀՀԿ խմբակցության անդամ։
2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ՀՀԿ խմբակցության անդամ։
2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: 2017-2018 թթ․-պատգամավոր-ՀՀԿ խմբակցություն։