Ձերբակալվել է սոցցանցում արցախցիների, քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր արած անձը

Ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը, հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նրա փոխանցմամբ` նոյեմբերի 13-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակվել էր տեսաուղերձ, որտեղ ավտոմեքենայի սրահում գտնվող 4 անձանցից առջևի ձախ նստատեղին նստած անձը քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև արցախցիների նկատմամբ հնչեցնում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ դրանք զուգակցելով վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններով:

Երևանի դատախազության տեսաուղերձին առնչվող նյութերն անմիջապես ուղարկվել են Ոստիկանության Երևանի վարչություն՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստմամբ, ինչպես հայտնում է դատախազի խորհրդականը, ձեռք էին բերվել անձանց նկատմամբ քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ: Ոստիկանության հետաքննության բաժնում դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հոդվածով:

Քրեական գործն ուղարկվել էր Քնչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: Նախաքննության ընթացքում բռնության, բռնության գործադրումն արդարացնող և ատելության շեշտադրումներով կոչեր անող անձը նշվալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.