Արցախա-ադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական գրոհի հետմղման երեք ժամից ավելի տևած հերոսական գործողության հետևանքով հայկական կողմը զոհ չունի, վիրավորվել է միայն մեկ զինծառայող: Այս մասին «Արմենիապրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«Նոյեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Շուտափույթ ապաքինում»,-նշում է Ստեփանյանը:
Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում: Մասնավորապես ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան: Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ մեր ստորաբաժանումների վերահսկողության ներքո է: