Lragir.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը
Պարոն Համբարյան, Ռուսաստանի արտաքն գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց, որ չպետք է ակնկալել, որ ԼՂ հիմնախնդիրն արագ կլուծվի: Ինչպե՞ս եք գնահատում Լավրովի Բաքու և Երևան կատարած այցերը, ի՞նչ ուղերձներ կային նրա հայտարարություններում:
Արցախյան հիմնախնդիրը բավական երկար տարիների հիմնախնդիր է, և հակասությունները մեզ հուշում են, որ արագ լուծման ակնկալիքներ չունենանք: Եվ այս տարիների ընթացքում ադրբեջանական կողմի դիրքորոշումն ավելի է կարծրացել, ինչը հույսեր չի տալիս, թե արագ կլուծվի այդ կոնֆլիկտը: Ամենահետաքրքիրն այն էր, որ վերջին շրջանում, ռուս պաշտոնյաներին մեջբերելով, ադրբեջանական կայքերն էլ նշում են, որ ոչ ոք հույս չունի, թե հիմնախնդիրը շատ արագ կլուծվի: Նույն հայտարարությունն արել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով մի քանի օր առաջ հանդիպեց Պուտինի հետ Սոչիում, նույն հայտարարությունները Բաքվում, ապա նաև Երևանում անում է Սերգեյ Լավրովը: Այնպես որ, մենք բոլորս այդ մասին գիտեինք:
Սակայն, չգիտես ինչու, Բաքվում երազանքներ կային, որ այդ կոնֆլիկտը շատ արագ կլուծվի: Բաքվում կարծրացած կարծրատիպ կա, որ Արցախյան հիմնախնդրի լուծման բանալին ամբողջովին գտնվում է Մոսկվայի ձեռքին: Իհարկե, Մոսկվան մեծ ազդեցություն ունի կոնֆլիկտի լուծման հարցում, բայց այն, որ ամբողջությամբ բանալին այդ երկրի ձեռքին լինի, նման բան չկա: Եվ Լավրովը Ադրբեջանին հիմա կոնկրետ հասկացրեց, որ արագ լուծումների մասին խոսք լինել չի կարող:
Լավրովը նաև Բաքվում շեշտեց, որ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ են հարցը քննարկում, որ Ռուսաստանն այս հարցում նույն դիրքորոշումն ունի, ինչ ԱՄՆ-ն ու Ֆրասիան: Ինչ-որ բա՞ն է փոխվել:
Ռուսական կողմը, ի տարբերություն Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, բացի նրանից, որ փորձել է Արցախյան հիմնախնդիրը լուծել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, նաև բավական ակտիվություն է դրսևորել որպես առանձին երկիր: Դա նորություն չէ մեզ համար, սակայն վերջին շրջանում Բաքվում մեծ հույսեր էին տածում, որ կոնկրետ ռուսական կողմին խոստումներ տալով, քաղաքական շոուներ կազմակերպելով՝ Իլհամ Ալիևին կհաջողվի համոզել Պուտինին՝ գնալու կտրուկ զիջումների Արցախյան հարցում: Բայց Սերգեյ Լավրովը
Բաքվում սառը ցնցուղ պահեց ադրբեջանական իշխանությունների գլխին և հասկացրեց, որ Արցախի հիմնախնդրի հարցում Ռուսաստանը եթե միայնակ է գործում, դա չի նշանակում, որ այդ գործունեության վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացնում նաև Մինսկի խմբի մյուս համանախագահներին: Եվ պետք է նշել, որ սա Ադրբեջանում շատ մեծ դժկամությամբ ընդունվեց:
Մենք նաև ականատես եղանք Թուրքիայի փորձերին ՝ միջամտելու գործընթացին: Բայց Թուրքիայի նախագահը կարծես ակնարկեց, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է «5 շրջանների հարցը», իսկՊուտինը «տոն չի տվել»:
Սա նշանակում է այն, որ ռուսական կողմը հավանաբար վերջնականապես հասկացրել է պաշտոնական Անկարային, որ Արցախյան հիմնախնդրի լուծման բանալին միայն Մոսկվայում չի գտնվում: Անկարայում այն կարծիքը կա, որ 21-րդ դարի սկզբին նույն 20-րդ դարի իրադարձություններն են տեղի ունենում: Այսինքն՝ ինչպես իրենք լուծեցին Արցախի և Նախիջևանի հարցը 20-րդ դարի սկզբին, հիշում եք Մոսկվայի և Կարսի խայտառակ պայմանագրերը, ինչի հետևանքով այդ երկրամասերը հետագայում հայտնվեցին
Ադրբեջանի տարածքում, այնպես էլ հիմա Անկարայում մտածում են, որ պաշտոնական Երևանին կարելի է լրիվ անտեսել: Եվ կարծում են, որ Արցախի հիմնախնդիրը կարելի է կոնկրետ քննարկել Մոսկվայի հետ: Բայց ռուսական կողմը հասկացրեց, որ դա այդպես չէ:
Իմ կարծիքով՝ հայկական կողմն էլ է դա հասկացրել, որ մենք ունենք շահեր, որոնցից հրաժարվել հայկական կողմը չի կարող: Եվ այդ կարմիր գիծն անցնողը մեխանիկորեն կդասվի ազգի դավաճանների շարքը: Սա շատ կարևոր իրավիճակ է, և ես ուրախ կլինեմ, որ պաշտոնական Երևանը արտգործնախարարության մակարդակով շատ կոպիտ արձագանքի Անկարայի այդ նկրտումներին և հասկացնի, որ այսուհետ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ցանկացած քննարկում պետք է անցկացվի Երևանի և Ստեփանակերտի հետ, ոչ թե Մոսկվայի կամ այլ երկրի:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am