Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ՊՆ պաշտոնից. նա վիրավորվել է մարտական դիրքում

Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով։ Նույն պաշտոնին նշանակվել է Միքայել Արզումանյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝  պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության:

Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի»,- նշում է Արայիկ Հարությունյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.