ՀՀ-ում Ադրբեջանի ԱԹՍ հարվածից տուժել է 14 տարեկան երեխա

Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:

Այս մասին տեղեկացնում է իր ֆեյբուքյան էջում  ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: «Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ», «Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Նիկողոսյանը։

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը տեղեկացնում է. «Վարդենիս համայնքում բնակվող Արզոյանների ընտանիքն այսօր առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական ԱԹՍ հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին' Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.