Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ Հադրութում իրավիճակը  Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է։ Նախագահ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ տեղեկացնելով, որ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսի հոկտեմբերի 11-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,-«Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Նախքան հումանիտար հրադադարի ուժի մեջ մտնելը, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: ՊԲ-ն իրականացրել է ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.