Բժշկին 6 տարվա ազատազրկում է սպառնում Վանաձորում ծննդկանի մահվան մեջ.

Անցած տարվա հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի գործով վարույթն իրականացնող մարմինը 2017 թ. նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրել  Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին:

Ծննդաբերությունից ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը և որոշակի քննչական գործողություններ իրականացնելու ու նշանակված դատաբժշկական փորձաքննությունների շրջանակում փորձագետներին  լրացուցիչ հարցադրումներ ներկայացնելու միջնորդություններ ներկայացրել:

Փորձագիտական եզրակացությունների համաձայն՝ ծննդկանի մահվան պատճառ է դարձել հետծննդաբերական շրջանում մանկաբարձ-գինեկոլոգների կողմից անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելը:

Հ. Նազլուխանյանը մինչծննդաբերական շրջանում եղել է  Դավիթ Շահվերդյանի հսկողության ներքո, հերթապահ-բժիշկ Ա. Բալայանի պահանջով նա ներկա է գտնվել նաև ծննդաբերությանն ու դրան հաջորդած գործողություններին:

Փորձագետները փաստում են, որ հիմնական բացթողումները թույլ են տրվել հետծննդյան շրջանում, ինչն էլ հանգեցրել է ծննդկանի մահվան: Նրանց պնդմամբ՝ ծննդկանի արյունահոսության պատճառը սրընթաց ծննդաբերության հետևանքով առաջացած պատռվածքներն են եղել, և բուժօգնություն տրամադրող բժիշկները տևական

արյունահոսության պատճառը պարզելու համար պետք է դիմեին վիրահատական միջամտության, ինչը չի արվել և արյունահոսության աղբյուր հանդիսացող պատռվածքները չեն հայտնաբերվել: Իսկ ծննդկանի կյանքը հնարավոր էր փրկել միայն դրանք հայտնաբերելու և արյունահոսությունը դադարեցնելու դեպքում:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ henaran.am