Հայաստանի նոր դերը
Ռուսաստանը Արցախի խնդրում ունի նույն դիրքորոշումը, որն ունեն Փարիզն ու Վաշինգտոնը, Բաքվում նոյեմբերի 20-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ չնայած ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնություններին, Արցախի խնդրում ամերիկա-ռուսական գործակցությունը չի տուժել: Լավրովի այդ հայտարարությունը վատ նորություն է Ալիեւի համար: Այդ նորությունը նախորդ շաբաթ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, որը նաեւ եղել է Բաքվում ԱՄՆ դեսպանը: Բրայզան ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի գործընթացը մշտապես եղել է ԱՄՆ-Ռուսաստան «բացարձակ գործակցության» օրինակ:
Դա պարզապես հայտարարություն է այն մասին, որ Նահանգներն ու Ռուսաստանը գործնականում երկու տասնամյակ «բացարձակ» գործակցել են ստատուս-քվոն պահելու ուղղությամբ: Թե ինչու է ամերիկացի համանախագահի հայտարարությունը փաստացի նշանակում դա, անդրադարձել եմ «ԱՄՆ ու ՌԴ բացարձակ որոշումը Ղարաբաղի հարցում» հոդվածում: Բրայզայի հայտնած նորությունը փաստորեն պաշտոնապես հաստատել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, Բաքվում: Մյուս կողմից, այս դեպքում նորություն ասելը նաեւ հարաբերական է, քանի որ այդ «բացարձակ գործակցության» տրամաբանությունն ակնառու է եղել կարգավորման գործընթացի երկու տասնամյակում, ինչի մասին խոսելը սակայն գոնե Հայաստանում չի եղել «նորաձեւ»: Դրա մասին խոսակցությունը Հայաստանում գերիշխող քաղաքական մտածողության եւ ավանդույթների շրջանակում դիտարկվել է իբրեւ գավառական ծավալապաշտություն՝ «ոչ մի թիզ հող» իռացիոնալ կարգախոսի ներքո, կամ համաշխարհային անցուդարձից նեոգաղութային անտեղյակություն:
Ստատուս-քվոյի պահպանման անհրաժեշտության եւ այդ հանգամանքի ընդհուպ միջազգային գիտակցման ու «բացարձակ փոխհամաձայնության» առկայության մասին գնահատականները համարվել են ռազմատենչության վկայություն, անիրատեսություն, արկածախնդրություն: Փոխարենը ռացիոնալության էտալոն է դիտվել ռազմա-քաղաքական հաղթանակի, ըստ այդմ ռազմա-քաղաքական սուբյեկտության զիջման պատրաստակամությունը, դրա ներքո ձեւավորելով Հայաստանի զարգացման խոչընդոտի մի քաղաքական բանաձեւ՝ Հայաստանը չի զարգանա, քանի դեռ լուծված չէ Արցախի խնդիրը:Իրականում, ինչը ցույց տվեց նաեւ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, երբ մի ամբողջ պետություն, հանրություն, պետականություն ապրում է մտածողությամբ, որ զարգանալու բանաձեւը սեփական սուբյեկտության թեկուզ մասից հրաժարումն է, դրանով մոտենում է ոչ թե զարգացման, այլ պատերազմի՝ ընդ որում պատերազմի, որին զգալիորեն պատրաստ չէ: Այլ կերպ ասած, սեփական հաղթանակից հրաժարումը ոչ թե խաղաղասիրության, այլ մեղմ ասած աշխարհքաղաքական եւ պետական անհամարժեքության նշան է եւ բերում է ոչ թե խաղաղության, այլ հակառակը՝ պատերազմի:
Երկու տասնամյակի այդ իռացիոնալ տրաաբանության վրա կառուցված պետականության սխալը ծանր գնով ուղղել է Հայաստանի զինուժը: Իր պետականության «զարգացման» բանաձեւի հիմքում դնելով գլխիվայր, նենգափոխված այդ պատկերացումը, Հայաստանը գործնականում խնդիր է առաջացրել արտաքին ուժային կենտրոնների համար, որոնք ունենալով «բացարձակ գործակցություն», իրականում ունեն նաեւ միանգամայն տարբեր ռազմավարական շահեր՝ տարածաշրջանում: Ստացվում է անհամադրություն, բայց միայն առաջին հայացքից: Հենց այն, որ նրանք ունեն տարածաշրջանային տարբեր ռազմավարություններ, բերում է ստատուս-քվոյի հարցում «բացարձակ գործակցության», որովհետեւ ստատուս-քվոյի փոփոխության իրական գործընթացը նրանց դնում է առճակատման անխուսափելիության առաջ:
Ստատուս-քվոն ուժային կենտրոնների միջազգային կոնսենսուսն է, եւ դա է նաեւ արցախյան պատերազմում հայկական հաղթանակի միջազգային արժեքը: Դրա շնորհիվ, բարդագույն տարածաշրջաններից մեկում ձեւավորվել է իրավիճակ, հարթակ, որտեղ կարող է համադրվել ուժային տարբեր կենտրոնների շահը, ինչի առանցքային գրավականը հայկական հասարակության այսպես ասած ունիվերսալությունն է, երբ բնական հիմքով կարող են համադրվել թե արեւելյան, թե արեւմտյան մշակութային, արժեհամակարգային հատկանիշներ, ոչ թե առաջացնելով բախում, այլ զրոյացնելով կամ էապես նվազեցնելով երկկողմ լիցքերը: Հայկական պետականության զարգացման ձեւի փնտրտուքը պետք է լինի այդ, ոչ թե ստատուս-քվոյի փոփոխության հարթության վրա: Որովհետեւ ստատուս-քվոյի փոփոխության վրա փնտրտուքը հանգեցնելու է միջազգային ճգնաժամի: Մի բան, որը միջազգային հանրությունը ներկայում փորձում է հաղթահարել, նոր աշխարհակարգի ձեւավորման բարդ գործընթացում, որտեղ նաեւ առանցքային դեր է ստանում այն հարթակը, որ ձեւավորվել է հայկական հաղթանակով ստեղծված տարածաշրջանային նոր ստատուս-քվոյում: Բանն այն է, որ ճգնաժամը չի կարող հաղթահարվել, եթե ուժային կենտրոնները կամ բեւեռները չգտնեն հակադրությունից համադրության անցնելու համակարգային բանաձեւը, չպարզեն խաղի եւ մրցակցության նոր կանոնները, մեխանիզմները, աշխարհակարգի հիերարխիկ նոր դասավորվածությունն ու դերաբաշխումը:
Ամենեւին պատահական չէ, որ անգամ սուր դիմակայության պայմաններում թե ԱՄՆ, թե Ռուսաստանը դե ֆակտո հայտարարում են ստատուս-քվոն պահելու հարցում գործակցության մասին: Որովհետեւ դա դարձել է այն թելը, որ պահում է աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմից: Ով փորձում է խախտել Կովկասում ստատուս-քվոն, նա գործնականում կամա թե ակամա փորձում է կտրել աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմից պահող վերջին թելը:Ըստ այդմ, խիստ վտանգավոր է նաեւ հայկական պետականությունը կամա թե ակամա կառուցել այդ թելը կտրելու վրա հիմնված «զարգացման բանաձեւով»: Դա հայկական պետականության ոչնչացման բանաձեւն է: Հայկական պետականության զարգացման բանաձեւը կարող է հիմնված լինել այդ թելը պահելու եւ ամրացնելու տրամաբանության վրա, որը ներդաշնակ է տարածաշրջանային կայունության եւ խաղաղության, միջազգային անվտանգության համակարգի վերափոխման եւ ամրապնդման տրամաբանությանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am