«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցուհի կալանավորվել է անչափահաս սաներին ծեծելու եւ անարգելու համար

Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երեք աշխատակցուհիներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով):

Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

Ըստ ոստիկանության՝ մանկատան աշխատակիցները բռնության են ենթարկել սաներին, նրանց խոշտանգել, ծեծել ու անարգել. «Պարզվել է, որ երեխաները տեւական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք»,- ասված էր ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննոթյուններ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.