ԱՀԿ ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը պատրաստվել նոր համավարակի

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության ներկայիս համավարակը վերջինը չէ, այդ իսկ պատճառով աշխարհը պետք է ժամանակին պատրաստվի նոր համավարակին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Սա վերջին համավարակը չէ: Պատմությունը սովորեցնում է մեզ, որ հիվանդությունների և համավարակների բռնկումները, ըստ էության, կյանքի մի մասն են: Երբ գա հաջորդ համավարակը, աշխարհը պետք է ավելի պատրաստված լինի, քան այս անգամ»,- արձանագրել է ԱՀԿ ղեկավարը:

Նրա խոսքով՝ «Քովիդ-19»-ի համավարակը  «բազմաթիվ դասեր է տալիս բոլորին»: «Դրանցից մեկն այն է, որ առողջությունը շքեղության պարագա չէ նրանց համար, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, այլ անհրաժեշտություն է և մարդկային իրավունք»,- ընդգծել է Գեբրեյեսուսը՝ հավելելով, որ առողջապահության համակարգն իրենից ներկայացնում է «հասարակական, տնտեսական և քաղաքական կայունության հիմքը»:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 27,3 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 890 հազարը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.