Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունները «կպահեն իրավիճակը» երկրի սահմանների ներսում: Նա հայտարարել է, թե «գործադուլներից և բողոքի ակցիաներից բան դուրս չի գա»: Լուկաշենկոն ընդդիմությանը կոչ է արել «կրակի հետ չխաղալ» և չսպառնալ անվտանգության ուժերին և նրանց ընտանիքներին՝ նշելով, որ «նրանք պատկերացում չունեն, թե ինչպես դա կավարտվի»:
Նախագահի խոսքերով՝ «Զինված ուժերն ունեն բավարար ռեսուրսներ իրենց, իրենց ընտանիքները պաշտպանելու և պետության անվտանգությունն ապահովելու համար»: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել էին Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Երկու երկրների առաջնորդները վստահեցրել էին, որ Բելառուսում ստեղծված ցանկացած խնդիր շուտով կկարգավորվի: Կողմերի խոսքերով՝ գլխավորն այն է, որ այդ խնդիրներից չօգտվեն ապակառուցողական ուժերը: Կողմերի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: