Shamshyan.com- ը գրում է. այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Արզական գյուղի Գյոզի թաղամասի 40-ից ավելի տների բնակիչներ հավաքվել են գյուղամեջում և պահանջում են, որպեսզի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, վերջապես, հստակ պատասխան տան, թե երբ է նշված թաղամասում լուծվելու 30 տարուց ավելի լուրջ խնդիր դարձած խմելու ջրի հարցը։
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «30 տարուց ավելի է, նույն երգն են երգում թե նախկին իշխանությունները, թե ներկայիս։ Մենք շատ բան չենք խնդրում, օրական գոնե 6 ժամ ջուր ունենանք։ Նախորդ իշխանություններն անընդհատ խաբեցին ու, հավատալով թավշյա հեղափոխությանը, մենք էլ միացանք այն իրականացնողնրի պայքարին՝ հավատալով, որ ջրի մեր խնդիրը կլուծվի։ Բայց իշխանության գալուց հետո մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նույնպես խոստացավ, որ խնդիրը կլուծվի։ Բայց նա էլ նախորդների նման օդ դուրս էկավ։ Մենք պահանջում ենք, որպեսզի էս մեր բոլոր տներում, որոնց թիվն անցնում է 40-ը, թող ջրաչափեր տեղադրեն և խնդիրը կլուծվի։ Մեր սպառած ջրի համար կանոնավոր վճարումները կանենք։ Նույն էդ ղեկավարները լավ գիտեն, որ Երևանի մի ահագին հատված հենց Արզականից ա ջուր ստանում։ Էստեղ են ասում՝ կոշկակարը կոշիկ չունի։ Մեր քթի տակով ջուրը տան, իսկ մեզ 30 տարուց ավելի թողնեն անջո՞ւր։ Էդ մեր ջրով անգամ Աղվերանի մի քանի պանսիոնատներ իրենց լողավազաններն են լցնում։
Մենք ուզում էինք դիմել ավելի կտրուկ միջոցների, ընդհուպ ճանապարհ փակելը, որպեսզի, վերջապես, մեր բողոքի ձայնը տեղ հասնի վերևներում իրենց տաքուկ կաբինետներում նստած չինովնիկներին, բայց, քանի որ հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն, չենք ուզում օրենք խախտենք։ Մեր հույսը ոչ մարզպետն է, ոչ քաղաքապետն է, ոչ էլ գյուղապետը Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ տեղեկություններ ունենա, վստահ ենք՝ պետք լինի, էդ խաբեբա պաշտոնյաներից մի քանիսին տոկի կտա և կարճ ժամանակում էս թաղամասում խմելու ջրի մատակարարման հարցը կլուծվի»։
Հավաքվածնրը նշում էին նաև, որ իշխանություններն ագիտացիա են անում, թե կորոնավիրուսային այդ պայմաններում պարտադիր պահպանենք հիգիենայի կանոնները. «Հետաքրքիր է, եթե ջուր չունենք, ի՞նչ հիգիենայի պահպանման մասին է խոսքը։ Եթե իրենք գիտեն՝ առանց ջրի ոնց պահենք հիգիենան, թող ասեն, մենք է իմանանք»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել, որ հարևանները մի մարդու նման «ՈՒԱԶ»-ին կապում են 1 տոննանոց տարան ու մի քանի կիլոմետր հեռավորությունից ջուր են բերում՝ ձեռքի հետ էլ՝ 3 կամ 5 լիտրանոց տարաներով, բայց դա հարցի լուծում չի։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված թաղամասում կան այնպիսի բնակվողներ, որոնք 60-70 տարեկան են, միայնակ թոշակառուներ են, և եթե նրանց հարևանները ջուր չհասցնեն, ապա նրանք ոչ միայն չեն կարողանա հոգալ իրենց հիգիենան, այլև անգամ չեն կարողանա դեղ խմել։