Ձորաղբյուրում 20-ամյա Ստահակը ՝ երիտասարդն ընկերների ներկայությամբ Անասունի նման դանակով... փշաքաղվել կարելի է. 1in.am

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արման Հակոբյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Գործը քննվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:

20-ամյա Արման Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ավազակությամբ զուգորդված սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 21-ի սահմաններում Արման Հակոբյանը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում բնակվող ընկերոջից՝ Տարոնից պարտքով գումար վերցնելու նպատակով իր անչափահաս ընկերներ Աշոտի ու Սուրենի հետ Երևանի Արցախի փողոցում նստել է Ս. Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի տաքսին և ուղևորվել է Ձորաղբյուր գյուղ:

Հասնելով գյուղի ամառանոցային թաղամասի սկզբնամաս՝ վարորդի հետևի նստատեղին նստած Արմանը իր մոտ գումար չունենալով՝ վարորդին ասել է, թե մոտը 20 հազարանոց է միայն: Վարորդի պատասխանից հասկանալով, որ նրա մոտ գումար կա, Արմանը ավազակային հարձակմամբ գումար հափշտակելու նպատակով գրպանից հանել է ծալովի դանակը, հարձակվել է վարորդի վրա՝ թիկունքից ձախ ձեռքով բռնել է վարորդի ճակատից, նրան քաշել է դեպի իրեն ու հենել է նստատեղի թիկնակին: Այնուհետև 20-ամյա Արմանը, ըստ մեղադրանքի, կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով ձախից աջ շարժումով կտրել է վարորդի պարանոցը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր

կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ վարորդը դիմադրել է, ու Արմանի ձեռքի դանակն ընկել է մեքենայի մեջ: Արմանը փախել է, փախել են նաև նրա ընկերները: Տաքսու վարորդը որոշ տեղ կարողացել է մեքենան վարել, օգնություն խնդրել առաջին իսկ պատահած մարդկանցից:

Ս. Հակոբյանին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:

Արման Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն ավազակային հարձակման համար: Նա հայտնել է, թե դեպքի օրը Երևանում հանդիպել է իր ընկերներ Աշոտին ու Սուրենին, առաջարկել է տաքսիով միասին գնալ Ձորաղբյուր՝ իրենց մյուս ընկերոջից պարտքով գումար վերցնելու:

Պատահական տաքսիով ուղևորվել են Ձորաղբյուր: Ինքը նստել է վարորդի հետևի նստատեղին, Սուրենը՝ իր կողքին, իսկ Աշոտը՝ վարորդի կողքին:

Երբ հասել են Ձորաղբյուր՝ ինքը վարորդին հարցրել է՝ 20 հազարանոցի մանր կունենա՞:

Վարորդն ասել է, որ ունի:

Այդ պատասխանից հասկանալով, որ վարորդի մոտ գումար կա, որոշել է վախեցնել նրան ու գումարը վերցնել: Այդ նպատակով իր մոտի դանակի շեղբը դրել է վարորդի պարանոցին՝ ձախ ականջի տակ, և գումար է պահանջել: Վարորդի առողջությանը թեթև վնաս է պատճառել: Ինքը նախկինում ինքնավնասումներ էր արել, գիտեր՝ ինչպես բռնի դանակը, որ մարդու առողջությանը ծանր վնաս չպատճառի:

Աջ ձեռքով բռնել է դանակը, ձախ ձեռքով՝ վարորդի գլուխը, մինչև վնասվածք պատճառելը վարորդը ոչ մի շարժում չի արել: Նա շարժվել է միայն վնասվածք ստանալուց հետո: Եթե վնասվածք պատճառելուց առաջ վարորդը շարժվեր, այլ վնասվածք կստանար:

Իր հետի երկու ընկերներից ոչ մեկը չի իմացել իր մտադրության մասին: Վարորդին վնասելը վայրկյաններ է տևել: Նրան վնասելուց հետո ինքը վախեցել ու շտապօգնություն չի կանչել: Ինքը տեղյակ է, որ մարդու պարանոցը կտրելու դեպքում հնարավոր է, որ նա մահանա, բայց ինքն այնպես չի կտրել, որ այդպիսի բան լինի, ինքը միայն թեթև վնաս է պատճառել:

Տուժող Ս. Հակոբյանը հայտնել է, թե դեպքի օրը իր մեքենայով կանգնած է եղել Արցախի փողոցում, իրեն են մոտեցել երեք երիտասարդներ, հարցրել են՝ մինչև Ձորաղբյուր ինչքա՞ն կկազմի ուղեվարձը: Ինքն ասել է գումարը: Այդ տղաներն առանձնացել են, ինչ-որ բան են խոսել ու նստել են իր մեքենան:

Ուղեվարձի չափը հարցնող տղան նստել է իր կողքին, մյուս երկուսը՝ իր հետևի նստատեղին: Ճանապարհին իր կողքի տղան գլխարկը գլխին քաշած՝ խաղ է խաղացել ու չի խոսել: Երբ հասել են Ջրվեժ գյուղ, հետևի նստատեղին նստած տղաներից մեկն ասել է կոնկրետ հասցե՝ ամառանոցում: Ինքը բարկացել է, եթե նախապես իմանար, որ ամառանոց են գնալու, չէր համաձայնի:

Զգացել է, որ այդ տղաները չեն կողմնորոշվում՝ որտեղ է իրենց ուզած տունը: Ցանկացել է մեքենան կանգնեցնել ու պատահական անցորդներից հարցնել: Բայց տղաները թույլ չեն տվել կանգնել՝ ասել են, թե ճիշտ են գնում:

Մի պահ իր սիրտը կասկած է ընկել, տղաներին առաջարկել է իջնել ու ոտքով փնտրել իրենց հարկավոր ամառանոցը: Երբ ոտքը դրել է արգելակին, հետևին նստած տղան հարցրել է՝ կարո՞ղ է 20 հազարանոց մանրել: Եվ այդ ժամանակ նա միանգամից ձախ ձեռքով բռնել է իր ճակատը ու դանակով, ինչպես անասունին կմորթեն, կտրել է իր վիզը: Ինքը դիմադրելու նպատակով մի փոքր առաջ է գնացել, ձեռքը տարել է դեպի կոկորդը: Իր վիզը կտրած տղան փախել է: Իր կողքին նստած տղան ու հետևի նստատեղին նստած երկրորդ տղան նույնպես դիմել են փախուստի: Ինքը դուրս է եկել մեքենայից, հանել է բանալին՝ կարծելով, թե նրանք

ուզում են մեքենան գողանալ, բայց տեսել է, որ փախած տղաները հետ չեն գալիս: Նստել է մեքենան ու շարժվել է: Ճանապարհին մարդկանց է տեսել, մեքենան կանգնեցրել ու ասել է, որ իր կոկորդը կտրել են: Անծանոթները ցանկացել են շտապօգնություն կանչել, բայց տեսել են, որ արյունը թափվում է իր կոկորդից, նրանցից մեկը նստել է իր մեքենայի ղեկին, մեքենան արագ վարելով՝ իրեն տեղափոխել է հիվանդանոց:

Տուժողը կարծիք է հայտնել, որ երեք տղաները նախապես ծրագրել էին անելիքը, նրանց համար միևնույն է եղել՝ ում վրա կհարձակվեն, ինքն է հանդիպել նրանց ճանապարհին:

Տուժողը համոզմունք է հայտնել, որ Արման Հակոբյանի պատճառաբանությունը, թե վնասվածքը պատճառվել է իր դիմադրության պատճառով, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ինքը ոչ մի կտրուկ շարժում չի արել: Իրենց միջև վեճ չի եղել: Երբ Արման Հակոբյանը հարցրել է քսան հազարանոց մանրելու մասին, ինքը չի հասցրել պատասխանել, այդ ամենը մի ակնթարթ է տևել, նա հարցրել ու դրան զուգահեռ կտրել է իր վիզը: Իրեն ցանկացել են սպանել, նրանց մտադրությունը չի իրականացել, որովհետև ինքը պարզապես չի մահացել, ողջ է մնացել:

Նախաքննական ցուցմունքում տուժողն ասել է, թե հետևի նստատեղին նստած երիտասարդը հարցրել է իրեն՝ քսան հազարանոցի մանր ունի՞: Ինքն էլ ասել է՝ մի բան կանեմ, այդ պահին երիտասարդը բռնել է իր ճակատը, գլուխը սեղմել է մեքենայի նստատեղի թիկնակին, աջ ձեռքով գրկել է իր պարանոցի ձախ հատվածը ու ձախից աջ է քաշել: Ինքը սուր ծակոց ու ցավ է զգացել, հետո փորձել է պտտվել, բայց իր վիզը կտրած տղան դիմել է փախուստի: Փախել են նաև մյուս երկուսը:

Տուժողը դատարանում պնդել է, որ ամբաստանյալի հարցին՝ փողը մանրելու վերաբերյալ, ինքը չի հասցրել պատասխանել, ամեն բան ակնթարթորեն է եղել…

Վկա Վարդան Թ.-ն հայտնել է, որ 2015 թվականի նոյեմբերի 20-ին ընկերների հետ է եղել: Ժամը 21-22-ի սահմաններում տեսել են տուժողին՝ կանաչ «Մերսեդեսով»: Տուժողը ձեռքը պարանոցին էր դրել, նրա ձեռքի շորը արյունոտ էր: Նա հազիվ լսելի ձայնով ասել է. «Լակոտները վիզս կտրել, մորթել են»: Նա շոկի մեջ էր, իր ընկեր Արմենը նստել է մեքենայի ղեկին ու այդ մարդուն տարել է Մասիվի հիվանդանոց: Իրենք գնացել են նրա մեքենայի հետևից: Հիվանդանոցում տուժողի հարազատներից ինչ-որ 20 հազար դրամի մասին խոսակցություն է լսել, չի հասկացել: Մի քանի ամիս հետո հանդիպել է տուժողին ու նրա հարազատներին, ովքեր շնորհակալություն են հայտնել:

Անչափահաս վկա Աշոտը հայտնել է, որ դեպքի օրը Սուրենի հետ դուրս է եկել կրթահամալիրից ու հանդիպել է հրազդանցի Արմանին: Զբոսնել են, Արմանն ասել է, թե իրեն շտապ պարտքով փող է պետք: Որոշել են գնալ Ձորաղբյուր՝ Տարոնի տուն՝ պարտքով գումար վերցնելու: Պատահական տաքսի են կանգնեցրել, պայմանավորվել են, որ 3 հազար դրամով Ձորաղբյուր կտանի:

Երբ տեսել է՝ ինչպես է Արմանը դանակը դրել վարորդի պարանոցին, ինչպես է արյուն եկել, վախեցել ու փախել է:

Աշոտը պնդել է, որ իրենք նախապես չէին ծրագրել, որ վարորդին սպանելու են:

Նա հայտնել է, որ սկզբում փախել են տարբեր ուղղություններով, հետո նորից միացել են: Արմանին հարցրել են՝ ինչո՞ւ արեց: Նա պատասխանել է, թե իրեն գումար էր պետք, դանակը պահել է վարորդի պարանոցին ու ցանկացել է գումար պահանջել, բայց դանակն ընկել է, այդ պատճառով դիմել է փախուստի: Ինքն ու Սուրենը զայրացել են Արմանի վրա, պատահական տաքսիով վերադարձել են Երևան…

Ընդհանուր իրավասության դատարանը Արման Հակոբյանին մեղավոր է ճանաչել ավազակությամբ զուգորդված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, և դատապարտել է 12 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի դեկտեմբերի 2-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին բերել ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը: Նրանք խնդրել էին կատարված արարքը վերաորակել՝ ավազակությամբ զուգորդված սպանության փորձի փոխարեն արարքը որակել որպես զենքի գործադրմամբ կատարված ավազակային հարձակում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ըստ բողոքաբերների՝ Արման Հակոբյանը տուժողին կյանքից զրկելու իրական հնարավորություն է ունեցել, բայց չի սպանել, քանի որ նպատակ չի ունեցել նրան կյանքից զրկելու:

Բողոքը հիմնավորելիս վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը նորից պնդեց, որ Արման Հակոբյանը մինչև այս դեպքը կատարել էր բազմաթիվ ինքնավնասումներ, նա «փորձառու էր կենսականորեն կարևոր օրգանների հատվածներում կյանքի համար վտանգավոր ինքնավնասումներ կատարելու հարցում»:

Պաշտպանական կողմի խոսքերով՝ Արմանը տուժողի կյանքի համար անվտա՛նգ վնասվածք պատճառելու դիտավորություն է ունեցել՝ միայն ցանկացել է տուժողին «սարսափահար անել», խուճապի մատնել և ավազակությամբ գումար հափշտակել:

Այդ նպատակով Արման Հակոբյանը դանակի կտրող շեղբը աջ ձեռքի ցուցամատի և բթամատի միջև սեղմած ու մատների արանքից շեղբի ծայրի միայն մի քանի միլիմետրը դուրս թողած վիճակում է վնասել տուժողի պարանոցը, վնասել է միայն մաշկն ու ենթամաշկը, խոր ու ծանր վնասվածք չի պատճառել: Սակայն իրավիճակն ու վնասվածքը տուժողին սարսափահար չեն արել: Նա դիմադրել է, ամբաստանյալն էլ նրան այլևս նույնիսկ գումարի պահանջ չի ներկայացրել, այլ դիմել է փախուստի:

Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից երևում է՝ տուժողը հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում՝ առատ արյունահոսող կտրած վերքով: Տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Վերաքննիչ քրեական դատարանը, ինչպես և ընդհանուր իրավասության դատարանը, եզրակացրեց, որ Արման Հակոբյանի դիտավորությունն ուղղված էր տուժող վարորդին կյանքից զրկելուն և նրա մոտ եղած գումարները հափշտակելուն:

Վերաքննիչ դատարանը մերժեց ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ 12 տարի ազատազրկումով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am