Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Honda մակնիշի 75 AN 575 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի
երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջված վիճակում հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արագածոտնի Մռավյան գյուղի բնակիչ, 76-ամյա Մայիս Հակոբյանը և Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Նորայր Անտոնյանը տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ Մ. Հակոբյանը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ
վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը
պարզում են մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com