SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ հարկադրաբար կանգնեցրել է Nissan մակնիշի 375 ՏՏ 60 համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որից հետո Mercedes-ի վարորդն իր ընկերների հետ անհիմն վիճաբանել են Nissan-ի վարորդի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, այնուհետև դիտավորությամբ վնասել են Nissan-ի կողային հայելին և պատճառել վարորդին վնասվածքներ, որից հետո ճիվաղները Mercedes-ով հեռացել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Արման Աբրահամյանն է, ով աշխատում է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն:
Մաշտոցի ոստիկանները ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Mercedes-ի «առյուծի կաթ կերած» վարորդին ու նրա ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ: